Ճապոնիայի բնակիչները մեկ շաբաթում 3,2 մլն դոլար են հավաքել այրված Սյուրի դղյակի վերականգնման համար
Ճապոնիայի բնակիչները մեկ շաբաթից քիչ ժամանակում հավաքել են 350 մլն իեն (ընթացիկ փոխարժեքով 3,2 մլն դոլար) Օկինավա հարավային կղզում Նահա քաղաքում Սյուրի դղյակի վերականգնման համար, որն անցյալ շաբաթ հրդեհի հետեւանքով փաստացի ամբողջությամբ ոչնչացել էր, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ճապոնական հանրային հեռուստատեսությանը:
Ներկայումս հանրային հանգանակությանը մասնակցել է 25 հազարից ավելի մարդ: Նշվում է, որ վերականգնման համար միջոցների հանգանակության ակցիան սկսվել է նոյեմբերի 1-ին՝ Սյուրիում կործանարար հրդեհի բռնկումից հետո արդեն հաջորդ օրը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակ ներառված կառույցը կրակը փաստացի ամբողջությամբ ոչնչացրել էր: Այրվել էին պալատական համալիրի գլխավոր, հյուսիսային եւ հարավային մասնաշենքերը, որը մի քանի դար եղել էր Օկինավայում իշխած Ռյուկյու թագավորների նստավայրը, մինչեւ 1879 թվականին Ճապոնիային միանալը: Այնտեղ այրվել են ընդհանուր առմամբ 7 շենքեր՝ ավելի քան 6 հազար քառ.մետր մակերեսով:
Ճապոնիայի կառավարությունը՝ վարչապետ Սինձո Աբեի գլխավորությամբ, արդեն խոստացել է անհրաժեշտ ամեն ինչ անել այս պատմական հուշարձանի վերականգնման համար:
Սյուրի ամրոցը կառուցվել է XIV-XV դարերում, որի ճարտարապետության մեջ յուրահատուկ կերպով համադրվել է Չինաստանի եւ Ճապոնիայի ազդեցությունը, այն համարվում էր Օկինավայի յուրօրինակ մշակույթի խորհրդանիշը: 1945 թվականին համալիրն ամբողջությամբ ոչնչացել էր ամերիկյան դեսանտի եւ կղզու ճապոնական կայազորի միջեւ արյունահեղ մարտերի հետեւանքով: Դղյակը 1992 թվականին վերականգնվել էր հնագույն նախագծերին ճշգրիտ համապատասխանությամբ: