Իտալիան կդառնա աշխարհում առաջին երկիրը, որը աշակերտներին կպարտավորեցնի ուսումնասիրել կլիմայի փոփոխության խնդիրները
Հաջորդ տարի Իտալիան կդառնա աշխարհում առաջին երկիրը, որը աշակերտներին կպարտավորեցնի ուսումնասիրել կլիմայի փոփոխությանը եւ կայուն զարգացմանը վերաբերող խնդիրները, հայտարարել է կրթության նախարար Լորենցո Ֆիորամոնտին, հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքերով, պետական դպրոցները հաջորդ ուսումնական տարվա սկզբից տարեկան 33 ժամ, շաբաթական մոտ 1 ժամ կտրամադրեն կլիմայի փոփոխության խնդիրների ուսումնասիրմանը։ Շատ ավանդական առարկաներ, ինչպես աշխարհագրությունը, մաթեմատիկան եւ ֆիզիկան, նույնպես կուսումնասիրվեն կայուն զարգացման տեսակետից, նշել է նա։
«Ես ուզում եմ իտալական կրթական համակարգը դարձնել առաջինը, որը շրջակա միջավայրն ու հասարակությունը կդնի այն ամենի կենտրոնում, ինչը մենք սովորում ենք դպրոցում»,- ասել է նա։