Ալ Բաղդադիի քրոջ հետագա ճակատագրի մասին Թուրքիայի դատական իշխանությունները որոշում կկայացնեն. Էրդողան
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոչնչացված պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի քույրը թուրքական միգրացիոն կենտրոնում է, նրա ճակատագիրը կորոշեն դատական իշխանությունները։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Իրականացվում են իրավաբանական ընթացակարգեր։ Գործընթացը տեղի կունենա մեր օրենսդրությանը համապատասխան։ Մեր ծառայություններն իրականացրել են կալանավորումը, եւ այդ մարդն առայժմ կպահվի միգրացիոն կենտրոնում»,- նախագահին մեջբերում է NTV հեռուստաալիքը։ Էրդողանը մանրամասներ չի ներկայացրել, թե արդյոք ալ Բաղդադիի քրոջ դատը տեղի կունենա Թուրքիայում՝ նշելով, որ բավականաչափ տեղեկացված չէ գործի իրավաբանական կողմի մասին։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հաստատել էր ալ Բաղդադիի քրոջ կալանավորման մասին տեղեկությունը Իդլիբ նահանգում հատուկ գործողության ընթացքում։ Reuters գործակալությունը, հղում կատարելով Թուրքիայի իշխանությունների ներկայացուցիչներին, տեղեկացրել էր, որ Անկարան հույս ունի կնոջ հարցաքննության արդյունքում արժեքավոր տեղեկություններ ստանալ ԻՊ ներքին գործառնության մասին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 27-ին հայտարարել էր ԻՊ պարագլխի ոչնչացման մասին: Նրա խոսքով՝ ալ Բաղդադին ոչնչացվել էր Իդլիբ նահանգում հատուկ գործողության ընթացքում: Թրամփը գործողության անցկացմանն օժանդակելու համար շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին, Իրաքին, Սիրիային եւ Թուրքիային: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտարարել էին, որ իրենց տրամադրության տակ չունեն ալ Բաղդադիի ոչնչացման մասին հավաստի տեղեկություններ: Միջազգային հանրությունը ԻՊ պարագլխի ոչնչացումը համարել է կարեւոր, բայց ահաբեկչության դեմ պայքարում ոչ վճռորոշ քայլ՝ կոչ անելով այդ պայքարը շարունակել: