Բրազիլիայում հնդկացիներին կսովորեցնեն ինքնապաշտպանվել նրանց առաջնորդի սպանությունից հետո
Բրազիլական Մարանյան նահանգի կառավարությունը երկուշաբթի հայտարարել է արտաքին ագրեսիայից բնիկ ժողովուրդների պաշտպանության ծրագիր ստեղծելու մասին այն բանից հետո, երբ անցած հանգստյան օրերին սպանել են նրանց առաջնորդ Պաուլու Պաուլինյու Գուախախարային՝ Ամազոնի մերձարեւադարձային անտառների «պահապաններից» մեկին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Այս ծրագրի ստեղծման մասին հրամանագիրը նախատեսում է «ուղեցույց, ուսուցում եւ տեղեկացում բնիկ ժողովուրդների առանձին խմբերին, որոնք առանց հրազենի իրականացնում են կանխիչ վերահսկչական միջոցառումներ այն հողերում, որտեղ ավանդաբար բնակվում են բնիկ ժողովուրդները», տեղեկացրել է Մարանյանի նահանգապետ Ֆլավիու Դինուն։
Անվտանգության ծառայությունների աշխատակիցները պետք է զբաղվեն նաեւ կոնֆլիկտները, բնիկների իրավունքների խախտումները եւ ապօրինի անտառահատումները կանխելով հնդկացիական տարածքներում։
Հանրային անվտանգության նախարարության նախագծում գործի կդրվեն ռազմական եւ քաղաքացիական ոստիկանությունը, հրշեջները եւ կառավարությունը։ Նախագծի ժամանակային շրջանակը նշված չէ։
Նահանգի կառավարության որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ նոյեմբերի 1-ին Բոմ Հեսուս դաս Սելվաս շրջանի Արարիբոյա հնդկացիական հողի պահապանները դարձան դարանակալման զոհ, որը լարել էին ապօրինի անտառահատները։ Միջադեպի ժամանակ զոհվել են Գուախախարան եւ հարձակվողներից մեկը։