Մենք հեռանում ենք որպես թիմ. Սպասեք ավելին. Սարհատ Պետրոսյան
Մենք որպես թիմ միասին եկել էինք փոփոխություն բերելու, եւ այժմ էլ հեռանում ենք որպես մեկ միասնական թիմ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կադաստրի կոմիտեի արդեն նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Իմ հայտարարության նախնական տարբերակում նախատեսում էի նշել, որ ինձ հետ միասին ազատման դիմումներ են ներկայացնելու նաեւ իմ մի շարք գործընկերները, սակայն ավելի ուշ որոշեցի չգրել այդ մասին, որեւէ կերպ չկաշկանդելով նրանց։
Մենք որպես թիմ միասին եկել էինք փոփոխություն բերելու, եւ այժմ էլ հեռանում ենք որպես մեկ միասնական թիմ։ Սա մեկ անգամ եւս վերահաստատում է, որ մեզ հաջողվել է ձեւակերպել միասնական տեսլական ու արժեքային համակարգ։ Հույս ունեմ, որ նույն կազմով դեռ կկարողանանք օգտակար լինել մեր երկրին։
Սպասեք ավելին»:
Ավելի վաղ Operative.am-ը հայտնել էր, որ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետին։
Մինչ այդ հրաժարականի դիմում էր ներկայացրել նաեւ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը: