Ուղղաթիռ ունենալու ենք. այդ հարցը լուծում ենք ՊՆ-ի հետ համատեղ. Ցոլակյան (Տեսանյութ)
Անձրեւները որ եկան, արդեն համարյա հրդեհ չունենք. Բայց այս տարին, իսկապես, հրդեհների քանակով աննախադեպ էր. 3 հազար հրդեհ ավել ենք ունեցել սովորականից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Վերջերս կառավարությունում վարչապետն այդ մասին խոսեց, որ պետք է պատրաստվենք եկող տարվա հրդեհներին: Տեխնիկական վերազինման խնդիր ունենք: Բավականին կարողացանք տեխնիկական վերազինման խնդիրներ լուծել, մոտ 260 մլն դրամի ձեռքի գործիքներ գնեցինք, որ չունեինք: Դա շատ օգտակար է խոտածածկ տարածքներում հրդեհների մարման համար»,-ասաց նախարարը:
Նա տեղեկացրեց, որ սպասում են օգնության երկու ուղղությամբ՝ ճապոնական եւ ռուսական. «Ճապոնականը 22 մեքենայի մասին է խոսքը, ռուսականը՝ 26: Եթե դրանք ժամանակին գան, մենք բավականին ապահովված կլինենք: Ուղղաթիռ ունենալու ենք: Մենք այլ ձեւով ենք դա կազմակերպվում, որ մենք ծախս չունենանք: Դա լուծում ենք ՊՆ-ի հետ համատեղ: Ֆինանսական տեսակետից ձեռնտու չէ, որ ԱԻՆ-ը առանձին ունենա ուղղաթիռներ»: