ԵՊՀ-ն աշխատում է խոցելի խմբերի ուսուցման պայմանների բարելավման ուղղությամբ. ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար
Երեւանի պետական համալսարանն արդեն երկար տարիներ աշխատում է առավելագույն նպաստավոր պայմաններ ստեղծելու ուղղությամբ, որպեսզի խոցելի սոցիալական խմբերը կարողանան օգտվել բուհի բոլոր հնարավորություններից։ Այս մասին «Սոցիալական աշխատանքը եւ արժանի սոցիալական պաշտպանության օրակարգը Հայաստանում» միջազգային կոնֆերանսում նոյեմբերի 4-ին ասաց Երեւանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը։
Նրա խոսքով՝ այժմ այդ աշխատանքները դրված են համակարգային ռելսերի վրա, այդ թվում ֆինանսական աջակցության ներդրման, ենթակառուցվածքի բարելավման, նպաստավոր աշխատանքային պայմանների ստեղծման, այդ թվում եւ խոցելի սոցիալական խմբերի ուսանողների հետ աշխատող դասախոսների համար, միջոցով։
«Սոցիալական պաշտպանության ոլորտի աշխատակիցների աշխատանքից է կախված այն, թե որքանով հասարակության խոցելի մասը կկարողանա լիովին ինտեգրվել կենսագործունեության բոլոր ոլորտներում։ Դրանով է պայմանավորված որակյալ կադրերի պատրաստումը, ինչին ձգտում է ԵՊՀ-ն»,- նշել է նա։
Հայաստանում նոյեմբերի 4-ին նշվում է Սոցիալական աշխատողի օրը։