Մեքսիկայում հինգ մարդ զոհվել է ավտոշուկայում հրաձգության ժամանակ
Անհայտ հանցագործների մի խումբ կիրակի կրակ է բացել Մեքսիկայի արեւմուտքում Միչոական նահանգի Ուրուապան քաղաքի ավտոշուկայի վաճառողների վրա։ Գրոհի զոհ է դարձել առնվազն հինգ մարդ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Televisa հեռուստաալիքին։
Հարձակման մասնակիցները փախուստի են դիմել, նրանց չի հաջողվել բռնել դեպքի վայրում։ Իշխանությունները հետաքննություն են սկսել։ Որոշ տվյալներով՝ գրոհի հետեւում կարող է լինել շրջանում գործող հանցավոր խմբերից մեկը։
2019 թվականի հունվար-սեպտեմբերին Մեքսիկայում բռնության զոհ է դարձել մոտ 26 հազար մարդ։ Հազարավոր մարդկանց զոհվելու պատասխանատվությունը կրում է թմրամաֆիան։ Սեպտեմբերի սկզբին նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը Մեքսիկայում անվտանգության մակարդակի բարձրացումն անվանել է իր գլխավոր խնդիրը։