Հայոց ցեղասպանությունը միայն հայ-թուրքական հարաբերությունների հետևանք չէ (Տեսանյութ)
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
«Ցեղասպանության հարցը միայն հայ-թուրքական կամ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չեն, որովհետև կա նաև երրորդ հարթությունը, որն ընդգրկում է Թուրքիայի և մեծ տերությունների հարաբերությունը։ Մի բան մենք պետք է հիշենք, որպեսզի այս հարցերը ճիշտ կոնտեքստներում տեղավորենք։ Վերջապես, Հայոց ցեղասպանությունն ինչի՞ արդյունք է։ Այն հետևանք չէ միայն հայ-թուրքական հարաբերությունների։ Սա շատ կարևոր է, և մեր ժողովրդին որոշ չափով խաբում են։ Հայոց ցեղասպանության հարցն ավելի շուտ և ավելի շատ Թուրքիայի և մեծ տերությունների հարաբերությունների հարց է։ Խնդրում եմ ինձ սխալ չհասկանաք, բայց 1915 թվականին թուրքերը չեն կոտորել հայերին հենց որպես հայեր, թուրքերը կոտորել են հայերին որպես Անտանտի դաշնակիցներ, այսինքն՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դաշնակիցներ։ Դրա համար էլ այս հարցը չի եղել միայն հայ-թուրքական։ Իհարկե, նաև հայ-թուրքական, բայց ոչ միայն։ Այսօր էլ Հայոց ցեղասպանության հարցը նույն կոնտեքստի մեջ է։
Այո, Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Դա Հայաստանում քանի՞ հոգու համար էր սպասելի․ կոնկրետ ինձ համար անսպասելի էր։ Սա մի կողմից ցույց է տալիս, թե որքան թույլ է մեր վերլուծական ներուժը, բայց մյուս կողմից ցույց է տալիս, որ այս հարցն այդքան էլ միայն մեր հարցը չի։ Սա հարց է, որը միշտ տարբեր պետությունների կողմից շահարկվում է Թուրքիայի հետ հարաբերություններում։ Այստեղ ամերիկյանը մի քիչ առանձնանում է։ Մի բան է, որ Ֆրանսիայի, Ռուսաստանի պես հզոր պետություններն են ճանաչում, այլ բան է, որ աշխարհի թիվ 1 գերտերությունն է ճանաչում․ այն չի կարող անհետևանք լինել։ Չնայած, քանի որ այն մեր կողմից վերահսկելի չի, մենք չգիտենք, թե հետո ինչ է լինելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը։
Մանրամասները՝ «Առաջին լրատվական»-ի տեսանյութում։