Դիետոլոգները խորհուրդ չեն տալիս աշնանը որևէ դիետայի հետևել, քանի որ ամռանը ձեռք բերած բազմաթիվ սննդարար նյութեր կորցնելու վտանգ կա
Դիետոլոգները խորհուրդ չեն տալիս աշնանը որևէ դիետայի հետևել, քանի որ ամռանը ձեռք բերած բազմաթիվ սննդարար նյութեր կորցնելու վտանգ կա: Այդ պատճառով հրաժարվեք մոնո-դիետաներից, քաղցած մնալուց, սննդային խիստ սահմանափակումներից: Հետեւեք հավասարակշռված սննդակարգի՝ դրան ավելացնելով սեզոնային բանջարեղեն:
Մի քանի խորհուրդ աշնանայի դիետայի համար
Սննդակարգում ներառեք դդում, կաղամբ, ստեպղին, լոլիկ, սմբուկ: Ձգտեք գնել այնպիսի բանջարեղեն, որոնք աճում են ձեր տարածաշրջանում, քանի որ ներկրվող բանջարեղենը հաճախ հավաքում են դեռ չհասած, հետեւաբար՝ դրանք բավական քիչ վիտամիններ են պարունակում:
Մրգերից նախապատվությունը տվեք խնձորին. աշնանն այս մրգից օգուտն ավելին է, քան ցանկացած այլ եղանակի:
Կիսաֆաբրիկատների փոխարեն թարմ միս եւ ձուկ օգտագործեք: Սահմանափակեք նաեւ հացաբուլկեղենի չափը, ավելի լավ է սեւ հաց ուտել:
Աշնանն ավելորդ կիլոգրամներ չհավաքելու համար քաղցրեղենի քանակությունը նույնպես պետք է սահմանափակել, քանի որ ցրտերի հետ շարժողական ակտիվությունը նվազում է:
Հնարավորության դեպքում բեռնաթափման օրեր կազմակերպեք, բայց չափը չանցնեք:
Մի մոռացեք, որ նիհարելու համար ջուր խմել պետք է ոչ միայն ամռան շոգին, այլեւ ամբողջ տարի: Օրական առնվազն 2 լիտր մաքուր ջուր խմեք, կանաչ կամ կոճապղպեղով թեյ, կարելի է նաեւ կիտրոնով:
Այս ընդհանուր խորհուրդներին ավելացնենք նաեւ հետեւյալը. աշնանը, հատկապես անձրեւոտ եղանակին, շատերը քաղցրեղենի պահանջ են ունենում: Դիետայից շատ չշեղվելու եւ արդյունավետ նիհարելը շարունակելու համար ջեռոցում կաթնաշոռային, կաթնաշոռա-դդմային կամ պանրով կարկանդակներ թխեք: