Ճապոնիայում զբոսաշրջիկներին կտուգանեն գեյշաներին լուսանկարելու համար
Ճապոնիայի Կիոտո քաղաքի Գիոն շրջանի բնակիչները հոգնել են զբոսաշրջիկներից, որոնք մասնավոր տարածքներում լուսանկարում են գեյշաներին: Բնակիչները որոշել են տուգանքներ սահմանել, գրում է Telegraph-ը:
Նոր կանոնը խախտելու համար զբոսաշրջիկները ստիպված կլինեն 10 000 իեն կամ 71 ֆունտ սթեռլինգ վճարել:
Նոր կանոնը սահմանվել է այն բանից հետո, երբ զբոսաշրջիկներին խնդրել են հարգալից վերաբերմունք ցուցաբերել գեյշաների եւ նրանց աշակերտների՝ մայկոների նկատմամբ:
Բացի այդ, քաղաքի այցելուները հատուկ թույլտվություն պետք է ստանան նախքան հասարակական վայրում գեյշաներին լուսանկարելը:
Նշվում է, որ վերջին տարիներին աճել է Կիոտո այցելող զբոսաշրջիկների թիվը: Իսկ Գիոն շրջանն իր թեյարաններով եւ գեղատեսիլ փողոցներով վերածվել է քաղաքի ամենահայտնի տեսարժան վայրի:
Գեյշաները հաճախ բողոքում են իրենց հետապնդող զբոսաշրջիկներից, որոնք համառորեն առաջարկում են սելֆի անել: