Այս պահին «Ազգային օրակարգ»-ը ընդդիմություն է գործող իշխանությանը. Ավետիք Չալաբյան
Մեր կուսակցության ստեղծումն արդեն մեկ տարի է տեւում, արդեն ներկայացրել ենք մեր տեսլականն ու սկզբունքները եւ կոչ ենք արել մեր համակիրներին՝ միանալ մեր գաղափարախոսության շուրջ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարին լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը:
Հարցին՝ ընդդիմադիր, թե իշխանական դաշտում են գործելու, Չալաբյանը պատասխանեց. «Ամեն կուսակցություն, կախված նրանից, թե ընտրողներն իրեն ինչ քվե են տալիս, ինչ-որ պահի կարող է լինել ընդդիմություն, ինչ-որ պահի էլ կարող է լինել իշխող կոալիցիայի մաս կամ կոալիցիայի ղեկավար: Այս պահին մենք, բնականաբար, արտախորհրդարանական կուսակցություն ենք ստեղծում եւ դիրքավորվում ենք որպես ընդդիմություն եղած իշխանությանը, որը չի նշանակում, թե հաջորդ խորհրդարանական ընտրություններից հետո պատրաստվում ենք ընդդիմադիր լինել: Դա կախված է նրանից, թե ընտրողը մեզ ինչ քվե կտա: Մեր նպատակը չէ դառնալ ընդդիմություն, մեր նպատակն է գալ իշխանության եւ որպես այդպիսին իրականացնել մեր քաղաքական ծրագրերը»:
Չալաբյանը հավելեց, որ չեն սպասելու նրան, որ դառնան իշխանություն, այլ իրենց ծրագիրը սկսելու են իրականացնել՝ լինելով նաեւ ընդդիմություն:
Հարցին, թե առաջիկա ընտրություններին ինչ ձեւաչափով կմասնակցեն, Չալաբյանն արձագանքեց, որ ընտրություններին դեռ 4 տարուց ավելի ժամանակ կա. «Կանխատեսում էլ չենք ուզում անել, որ արտահերթ ընտրություններ կլինեն, երբ ընտրությունների ժամանակը կգա, կորոշենք՝ ինչ ձեւաչափով ենք մասնակցելու»:
Չալաբյանի խոսքով, իրենց կուսակցությունը թե նախկին, թե ներկա իշխանություններից նույնչափ հեռավորության վրա: «Քանի որ մենք աջակենտրոն կուսակցություն ենք, կարող ենք համագործակցել այն կուսակցությունների հետ, որոնք եւս կենտրոնամետ դիրքորոշում եւ հստակ ազգային ուղղվածություն ունեն»:
Նշենք, որ «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարին հրավիրված էին եւ իրենց ողջույնի խոսքով հանդես եկան Հանրային խորհրդի նախագահ, ԱԺՄ ղեկավար Վազգեն Մանուկյանը, ՀՅԴ ՊՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության համանախագահ Ռուդիկ Հյուսնունցը: