Չինաստանի օդանավակայաններում սկսել են էմոցիաները ճանաչող տեխնոլոգիա օգտագործել
Չինացի մասնագետները մարդկանց էմոցիաների ճանաչման տեխնոլոգիա են մշակել, որն արդեն ներդրվել է երկրի օդանավակայաններում եւ մետրոյի կայարաններում՝ հանցագործության մեջ կասկածվող անձանց նույնականացնելու համար, հաղորդում է բրիտանական Financial Times թերթը: Թերթը նշում է, որ նման համակարգի ստեղծման վրա աշխատում են երկրի մի շարք ընկերություններ, այդ թվում Amazon-ը, Microsoft-ը եւ Google-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Տեսագրության օգնությամբ տեխնոլոգիան կարող է արագ նույնականացնել հանցագործության մեջ կասկածյալներին, վերլուծել նրանց հոգեբանական վիճակը, ինչը թույլ կտա կանխել անօրինական գործողությունները, այդ թվում ահաբեկչությունն ու մաքսանենգությունը»,- ասել է Չինաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Սինցզյան-Ույգուր ինքնավար շրջանի հասարակական կարգի պահպանության հարցով փորձագետ Լի Սյաոուն: Նրա խոսքով՝ այդ տեխնոլոգիան հիմնականում կիրառվում է մաքսատանն ու օգնում է բացահայտել ագրեսիվության եւ նյարդայնության նշանները, ինչպես նաեւ այլ մարդկանց վրա հարձակում գործելու մարդու ունակությունն ու սթրեսի մակարդակը:
Փորձագետը նշել է, որ իրենք աշխատում են ամենատարբեր ընկերությունների հետ, ներառյալ՝ Hikvision, Uniview, Dahua եւ Tiandy:
Նրա խոսքով՝ տվյալ ոլորտում հաջողության կարող են հասնել միայն այն ընկերությունները, որոնք հաջողության են հասել արհեստական ինտելեկտի ոլորտում:
Ավելի վաղ «Չժունգո սինվենվան» տեղեկատվական պորտալը հայտնել է, որ չինացի հետազոտողները մարդու ձեռքի երակների գծերով անձի նույնականացման համակարգ են մշակել, որն ապագայում կարող է փոխարինել QR-կոդին եւ դեմքի միջոցով նույնականացմանը: Melux մշակող ընկերության հիմնադիր եւ ղեկավար Սե Ցինլուի խոսքով՝ տվյալ տեխնոլոգիան, որը հիմնված է արհեստական ինտելեկտի ոլորտում մշակումների վրա, ստացել է AirWave անվանումը: Այն թույլ է տալիս ճանաչել խոշոր երակներն ու կապիլյարները: Օգտատիրոջը մնում է միայն թափահարել ձեռքը նույնականացման գործընթաց անցնելու ժամանակ:
Ցինլուի խոսքով՝ այդ տեխնոլոգիան աշխարհում ամենաճշգրիտն է եւ ամենահասանելին: Նա նաեւ հայտնել է, որ AirWave համակարգն ունակ է ճանաչել մեկ ձեռքն այլ միլիարդավոր ձեռքերից առնվազն երեք տասնորդական վայրկյանում: