Մասիս Մայիլյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ կոնգրեսականների հետ. ներկայացրել է Արցախի միջազգային ճանաչման գործընթացը
ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ արտգործնախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ, առանձին հանդիպումներ է ունեցել հայ-ամերիկյան օրակարգի հետ առնչվող ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովների ղեկավարների եւ անդամների հետ։
Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել ԱՄՆ օրենսդիրների հաստատուն աջակցությունը Արցախի ժողովրդի շարունակական պայքարին՝ հանուն ազատության, խաղաղության եւ հայրենի հողում արժանապատիվ կյանքի։
Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ ԱՄՆ Կոնգրեսում Արցախի շահերի առաջմղմանն ուղղված հեռանկարային նախաձեռնությունների շուրջ։ Երկուստեք կարեւորվել է Արցախում ԱՄՆ աջակցությամբ մարդասիրական ծրագրերի շարունակականության ապահովումն ու ընդլայնումը, ինչպես նաեւ նոր՝ զարգացման ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը։
Կոնգրեսականների խնդրանքով Մասիս Մայիլյանն անդրադարձ է կատարել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումներին, Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին ու հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ հանրապետության իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերին։ Այս համատեքստում ԱՄՆ կոնգրեսականները վերահաստատել են, որ կշարունակեն աշխատել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում կայունության ապահովման ուղղությամբ։
Կոնգրեսի անդամները պատրաստակամություն են հայտնել շարունակել ջանքերը՝ միտված Արցախի ապամեկուսացմանը եւ կայուն զարգացմանը։
Հանդիպումներին մասնակցել են նաեւ Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԱՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։