Հավելյալ 19 մլն դրամ է հատկացվել՝ անվասայլակներ եւ լսողական սարքեր գնելու համար
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը վերաբաշխում է իրականացրել իր բյուջեում՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցություն» ծրագրի շրջանակներում տրամադրվող անվասայլակների գնման համար նախատեսված հավաստագրւմների քանակն ավելացնելու համար: Դրա փոխարեն որոշ աջակցող միջոցների քանակը պակասացվել են:
Ըստ այդմ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար անվասայլակներ եւ լսողական սարքեր գնելու նպատակով հավելյալ 19 միլիոն դրամ հատկացվեց։ Նման որոշում այսօրվա նիստին կայացրեց Կառավարությունը։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հիմնավորմամբ՝ պրոթեզաօրթոպեդիկ եւ վերականգնողական պարագաների, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ստանալու նպատակով` տարվա առաջին 8 ամիսներին նախատեսվածից ավել շահառուներ են առաջին անգամ դիմել այս սարքերը ստանալու համար։ Այդ իսկ պատճառով սպառվել է նախատեսված քանակը:
Ըստ նախարար Զարուհի Բաթոյանի՝ աջակցող սարքերի հավաստագրերի համար դիմողների թիվը սպասվածից շատ է եւ նախարարության նպատակը բոլոր շահառուների կարիքները բավարարելն է:
Հավելենք, որ 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում նախատեսվածից ավելի շահառուներ են դիմել հավաստագիր ստանալու համար, ուստի աջակցող սարքերի նախատեսված քանակը սպառվել է, եւ հավելյալ խմբաքանակ ձեռք բերելու անհրաժեշտություն է առաջացել:
Կառավարության որոշմամբ՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը վերաբաշխման արդյունքում հավելյալ 200 հատ անվասայլակ, 50 հատ լսողական սարք (30-ից բարձր տարիքի անձանց համար), 20 հատ ետնաքայլակ (մանկական ուղեղային կաթվածով երեխաների համար), 41 հատ քայլակ, 85 զույգ օրթոպեդիկ շտկող ներդիր, 761 զույգ օրթոպեդիկ կոշիկ, 71 հատ օրթեզ, 25 հատ պրոթեզ եւ այլ աջակցող միջոցներ ձեռք բերելու հնարավորություն կունենա։