Հայաստանում «կրթական վարկեր» ստացողների թիվը կավելանա
Կրթական կարիքների համար նախատեսված վարկավորման հատուկ ծրագրի շրջանակում վարկ ստացող անձանց թիվը կավելանա գրեթե 1500-ով: Այս մասին հոկտեմբերի 31-ին ԱԺ-ում 2020-ի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ գերատեսչության բյուջեի ծրագրված մեծացումը պայմանավորված է մի քանի գործոններով: «Մեծացումը կապ ունի նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության ծրագրի ծախսերի աճի հետ, ինչը պայմանավորված է ուսանողների թվի զգալի աճի հետ՝ գրեթե 6,5 հազար մարդ: Բացի այդ, մեծացել է տվյալ ոլորտում կապիտալ շինարարության ծավալը»,- ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ հաջորդ տարի իրենք մտադիր են վերանորորգել կամ նույնիսկ կառուցել 8 գյուղատնտեսական քոլեջներ:
Հիշեցնենք, որ 2020-ի բյուջեի նախագծով գերատեսչությանը ծրագրվում է տրամադրել 179 մլրդ 459 մլն դրամ՝ 2019-ին տրամադրված 158 մլրդ 886 մլն դրամի փոխարեն: Հիմնականում ավելացել են կրթական ծախսերը: