Առաջիկա երեք տարում մենք պետք է սկսենք զանգվածային հայրենադարձությունը. Զարեհ Սինանյան
Առաջիկա երեք տարում մենք պետք է սկսենք զանգվածային հայրենադարձությունը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց փյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
«Ես միանշանակ հավատում եմ, որ զանգվածային հայրենադարձությունը հնարավոր է, դրա նախադրյալները կան, պարզապես պետք է հասնենք այդ կետին հաջորդ մի քանի տարվա ընթացքում: Պետք է հանենք բոլոր խանգարող հանգամանքները»,-ասաց նա:
Սինանյանը նկատեց, որ այնպես չէ, որ հեղափոխությունից հետո մեկ գիշերում ամեն բան փոխվել է. «Կամ մենք որպես պետություն կայանում ենք եւ ստեղծում ենք բնակչության կրիտիկական մասսա, որ անհրաժեշտ է պետության երկարատեւ հարատեւման համար, կամ չենք անում: Մենք այլընտրանք չունենք: Մենք աշխատում ենք 2050 թվականի մեր տեսլականի վրա, որի մեջ նշվում է, որ մինչեւ 2050 թվականը պետք է ունենանք առնվազն 5 մլն բնակիչ: Իհարկե, իրատեսական է, եթե քաղաքական կամք ունենանք»:
Դիտարկմանը, որ նախօրեին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե իրեն ձերբակալելու արդյունքում ներգաղթ կլինի, թող ձերբակալեն, Սինանյանն արձագանքեց. «Դա իր թեզն է, իմը չի: Ես լուրջ համակարգային փոփոխությունների մասին եմ խոսում»:
Ըստ Սինանյանի՝ մենք որպես ժառանգություն չենք ստացել ռազմավարություն սփյուռքի հայնքների նկատմամբ. մենք դա զրոյից պետք է ստեղծենք:
Նրա խոսքով, մի բան է ունենալ ռազմավարություն, թե ինչ ենք ակնկալում Սփյուռքի հետ հարաբերություններից, մեկ այլ բան է, թե ինչ քաղաքականություն պետք է վարենք Փարիզի համայնքի հետ, Ստավրոպոլի երկրամասի համայնքի հետ եւ այլն:
Հարցին, թե ի՞նչ փոփոխություններ պետք է արվեն, որ սփյուռքի մեր հայրենակիցները վերադառնան, արդյոք մաքսավորների բարեհամբույր վերաբերմունքը դրա համար բավարա՞ր է, Սինանյանը պատասխանեց, որ դա սփյուռքահայի առաջին շփումն է Հայաստանում ինչ-որ շնչող էակի հետ. «Դե գնա սփյուռքահային բացատրի, որ պագոնավոր այդ սպան, որ այդտեղ նստած էր, Հայաստանի զինվոր չէր, հետեւաբար քեզ վատ մի զգա: Այդպես չէ, մարդիկ գալիս են Հայաստան եւ առաջին դեմքը որ տեսնում են, այդ դաժանացած, չարացած մարդու դեմքն է, ինչի՞ համար: Բայց իհարկե, բարեհամբույր դեմքը բավարար չէ հայրենադարձւթյան համար»,- ասաց նա:
Հարցին՝ ավելի խորքային ի՞նչ պատճառներ կան, որոնք խոչընդոտում են մեր հայրենակիցների վերադարձին, Սինանյանը արձագանքեց. «Ամենախորքային խնդիրը տնտեսության թերզարգացածությունն է, աշխատատեղերը, կրթության, առողջապահության մակարդակը, մարդիկ գալիս են բնակվելու, ուզում են իմանալ, որ իրենց տարրական պահանջները բավարարված են լինելու: Մեծ հայրենադարձություն ապահովելու համար, անկասկած, մեզ անհրաժեշտ է լինելու կտրուկ բարձրացնել կրթության եւ առողջապահության մակարդակը»: