Հավանաբար տեսել է հորը մահացած ու գնացել այդ քայլին. Ազատանի ողբերգական դեպքի մանրամասները
Շիրակի մարզի Ազատան համայնքում հոկտեմբերի 29-ին տեղի ունեցած ողբերգական դեպքից նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը պատմեց, որ հայրը վերջին մեկ տարում անկողնային հիվանդ էր, իսկ որդին հոգեկան խնդիրներ ուներ։
«Երեք եղբայր էին, երկուսն ապրում էին ՌԴ-ում։ 4 տարի առաջ մահացել էր իրենց մայրը, սովորական ընտանիք էր։ Մի տղան՝ 46-ամյա Կարենը, մնացել էր 80-ամյա հոր հետ, երկուսով էին ապրում։ Այնքան լուրջ շեղումներ չուներ, որ վտանգավոր լիներ հասարակության համար։ Ամուսնացած չէր, ապրում էր հոր հետ, խնամում էր նրան։ Հավանաբար հայրը մահացել է, ինքը տեսել է հորը մահացած ու գնացել այդ քայլին։ Հայրը Գյումրու երկաթգծի քարտուղարության ղեկավարն է եղել, մայրն էլ՝ ուսուցիչ։ Կրթված ընտանիք են եղել։ Մենք մինչեւ դուռը բացելը մտածում էինք՝ Կարենն ինչ-որ տեղ է գնացել, տանը չի»,- պատմեց համայնքապետը։
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը -ին հայտնեց, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 29–ին դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու փրկարարները, բացելով տան դուռը, լոգարանում գազախողովակից կախված վիճակում հայտնաբերել են տղամարդու դի, իսկ ննջարանի անկողնում՝ մեկ այլ տղամարդու դի: