Հանրապետական մարզադաշտում թաքցվել է 700 մլն դրամի շրջանառություն․ Ոստիկանության բացահայտումը
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2003 թվականի նոյեմբերից 2018-ի հուլիս ՀՖՖ «Վ․Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ»-ի տնօրինությունը, առանց ՀՀ ֆինանսների նախարարության հատուկ թույլտվության, մարզադաշտի տարածքում փաստացի իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն։ Մասնավորապես, կազմակերպել են ծաղկի մեծածախ վաճառքի տոնավաճառ եւ ծաղկի առեւտրով զբաղվող անձանցից օրական հավաքագրված ընդհանուր շուրջ 160․000-ական դրամները մասնակի են մուտքագրել դրամարկղ։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ հիշյալ ժամանակահատվածում հավաքագրվել է շուրջ 849․600․000 դրամ, որից ձեւակերպվել է ընդամենը 149․519․905 դրամ։ Այս կերպ թաքցվել է 700․000․000 դրամի շրջանառությունը եւ չի վճարվել առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 97․861․424 դրամի հարկեր։ Բացի այդ, լիցենզիայի համար նախատեսված տարեկան պետտուրքի մասով պետությանը պատճառվել է դարձյալ առանձնապես խոշոր չափերի՝ ընդահնուր 10․000․000 դրամի վնաս։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաեւ, որ «Վ․Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ»-ի տնօրինությունը անհատ ձեռնարկատիրոջ հետ վարձակալության պայմանագիր է կնքել, որի հիման վրա անհատ ձեռնարկատերը նախորդ տարվա օգոստոսից մինչ օրս, առանց ՀՀ ֆինանսների նախարարության հատուկ թույլտվության, մարզադաշտի տարածքում փաստացի իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն՝ կազմակերպելով ծաղկի մեծածախ վաճառք։ Այս դեպքում լիցենզիայի համար նախատեսված պետտուրքի մասով պետությանը պատճառվել է խոշոր չափերի 2․000․000 դրամի վնաս։
Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն բերման են ենթարկվել անձինք, որոնց միջոցով էլ 2018-ի օգոստոսից հիշյալ անհատ ձեռնարկատերն իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։
Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն՝ հետագա քննության։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։