Հայաստանի կառավարությունը կշարունակի գյուղացիներին օգնություն ցուցաբերել. նախարար
Հայաստանի սահմանամերձ գյուղերում գյուղացիների թիվը պակասել է, բայց պետությունն, այդուհանդերձ, կշարունակի ամբողջ ծավալով աջակցություն ցուցաբերել: Հոկտեմբերի 29-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նրա խոսքով՝ այս նպատակով հատկացվելու է 800 մլն դրամ՝ ներկայիս 929 մլն դրամի փոխարեն: Ընդ որում՝ ինչպես եւ նախկինում, սահմանամերձ գյուղերի բնակիչները եւ այնտեղ գործող ձեռնարկությունները կստանան գազի, էլեկտրականության եւ ոռոգման ջրի վճարումների 50-տոկոսանոց փոխհատուցում:
Նախարարի հավաստիացմամբ՝ պետական աջակցության կրճատումը պայմանավորված է միայն այս գյուղերի բնակիչների թվի նվազմամբ: «Աջակցություն է ստանում շուրջ 37 գյուղ, որոնք տեղակայված են Ադրբեջանի անմիջական սահմանի մոտ: Այնտեղ բնակվում է 50 հազար մարդուց մի փոքր ավելի: Այն ընտանիքներին, որոնք էլեկտրականություն ունեն, բայց գազ չունեն, կփոխհատուցեն լրացուցիչ կիլովատտ-ժամեր, որը կհամապատասխանի 180 խոր.մետր գազին»,- պարզաբանեց Պապիկյանը:
Պաշտոնյան նշեց, որ դրանից բացի, պետությունն ամբողջությամբ կփոխհատուցի այն գյուղացիների հողի հարկն ու գույքահարկը, որոնց այգիները եւ դաշտերը գտնվում են հնարավոր գնդակոծությունների գոտում: