Այլ ելք չի ունեցել. զորամասից անհետացած զինծառայողը փաստաբանին պատմել է ունեցած խնդիրների մասին
Սյունիքի մարզի Կապան քաղաքի զորամասերից մեկից հոկտեմբերի 20-ին անհետացած եւ նախօրեին հայտնաբերված զինծառայողի փաստաբանը նրան տեսակցել է, զրուցել հետը, պնդում է՝ զորամասը լքելու համար զինծառայողը լուրջ պատճառ է ունեցել։
«Զորամասը լքելու պատճառը չեմ կարող հրապարակել, միայն կարող եմ ասել, որ ծանրակշիռ պատճառ է ունեցել, այնպիսին, որ իր օգտին է լինելու, որեւէ քրեական պատասխանատվության մասին խոսք լինել չի կարող։ Խնդիրներ է ունեցել , հանգամանքներն այնպիսին են եղել, որ ինքն այլ ելք չի ունեցել,»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբանը՝ Հայարփի Սարգսյանը։
Փաստաբանը նշեց, որ զինծառայողը նյարդային խնդիրներ է ունեցել, զորակոչվելիս ծառայության համար պիտանի է ճանաչվել սահմանափակումով։
Տեղի ունեցածի վերաբերյալ ընթանում է ծառայողական քննություն, զինծառայողը գտնվում է ռազմական ոստիկանությունում։