Գյումրիի մաքսատանն ավելացվել է ճանապարհային ոստիկանության աշխատակիցների թիվը
Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ավելացել է ճանապարհային ոստիկանության աշխատակիցների թիվը՝ ապահովելու համար Գյումրիում ավտոմեքենաների մաքսային սպասարկման կետի աշխատանքը։ Այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին։
Նա ավելացրել է, որ մաքսատանն ավելացել է եւս մեկ հաշվարկ, ինչը կապված է տրանսպորտային հոսքի մեծացման հետ դեպի Շիրակի մարզ եւ, մասնավորապես, Գյումրի։
Անդրադառնալով ճանապարհային ոստիկանության աշխատակիցների աշխատավարձի հարցին՝ Կարապետյանն ընդգծեց, որ փոփոխություններ չկան։ «Մեր աշխատակիցները կստանան այնքան, ինչքան ստանում էին առաջ»,- ամփոփել է նա։
Նշենք, որ Գյումրիում ավելի քան 21 հա ընդհանուր մակերեսով մաքսատան բացման ժամկետը 2019 թվականի հոկտեմբերի 11-ից տեղափոխվել է նոյեմբեր։ Երեւանից մաքսատունը Գյումրի տեղափոխելու որոշումն առաջ է բերել ավտոներկրողների դժգոհությունը։