Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը համատեղելի է կալանքի հետ, նա կարող է մասնակցել դատերին․ եզրակացություն
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ուսումնասիրելու համար նախատեսված բժշկական փորձաքննության արդյունքներն այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ներկայացվեցին դատական նիստի ժամանակ։
Ըստ այս եզրակացության՝ ախտորոշման մեջ նշված հիվանդությունները եւ նրանց բարդությունների աստիճանները չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի որոշման 2-րդ հավելվածով նախատեսված պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին։
Բացի այդ, ներկա առողջական վիճակով Մանվել Գրիգորյանը կարող է բուժում ստանալ Հայաստանի որեւէ հիվանդանոցում, որը հագեցած է մասնագիտական ծառայություններով, իսկ ՔԿՀ-ում կարող է բուժում ստանալ, եթե այն ապահովված լինի համապատասխան ծառայություններով՝ էնդոկրին եւ ինտենսիվ թերապիայի ծառայություններով։
Ըստ փորձաքննության արդյունքների՝ Մանվել Գրիգորյանի հիվանդությունների առումով առկա է բացասական դինամիկա։ Կարող է Մանվել Գրիգորյանի կյանքին սպառնացող վտանգը նվազագույնի հասնցել բուժման եւ սննդակարգի պահպանման դեպքում․
«Ըստ փորձաքննության եզրակացության շաքարային դիաբետի երկարատեւ ապահավասարակման պայմաններում Մանվել Գրիգորյանի կյանքին կարող է վտանգ սպառնալ, սակայն համապատասխան բուժում եւ սննդակարգի պահպանման պայմաններում հնարավոր է այդ ռիսկերը նվազագույնի հասցնել»։
Ըստ եզրակացության՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը համատեղելի է կալանքին եւ նա կարող է մանսակցել դատական նիստերին․ «Կալանքը կրելու պայմաններում չի սահմանափակվում կալանավորի ինքնություն տեղաշարժվելու հնարավորությունը եւ Մանվել Գրիգորյանի վիճակը չի հանդիասնում խոչընդոտ դատական նիստերին մասնակցելու համար»։
Եզրակացության տակ ստորագրել են հանձնաժողովի բոլոր անդամներ, բացի Նորբերտ Ավետյանից։