Oրենքի կոպիտ խախտումներով կատարվել են դպրոցների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերի փոփոխություններ
«Մարդու իրավունքների հակակոնֆլիկտային կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ստացել է նույնաբովանդակ բողոքներ այն մասին, որ Հայաստանի Հանրապետության մի շարք դպրոցներում վերջին մեկ տարվա ընթացքում օրենքի կոպիտ խախտումներով կատարվել են դպրոցների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերի փոփոխություններ: Այս մասին հայտարարություն է տարածել «Մարդու իրավունքների հակակոնֆլիկտային կենտրոն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը:
«Մասնավորապես, դպրոցների Խորհուրդների կազմերում փոփոխություններ կատարվել են այդ դպրոցներում տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթներ հայտարարվելուց հետո մինչեւ մրցույթների ավարտն ընկած ժամանակահատվածում այն դեպքում, երբ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Խորհրդի անդամի լիազորությունները սույն հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հիմքերով չեն կարող դադարեցվել տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի օրվանից մինչեւ տվյալ մրցույթի ավարտը:
Այս գործընթացը համատարած բնույթ է կրում, այլ է, քան մեկ կամ երկու դեպքերով վրիպումը, ուստի չի կարող միայն որպես օրենքի սխալ ընկալման արգասիք դիտվել:
Ակնհայտ է առնչությունը մինչեւ տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար հայտարարված մրցույթների ավարտի եւ Խորհուրդների կազմերում հապճեպ փոփոխությունների կատարման միջեւ: Իրավիճակը թույլ է տալիս ենթադրել «վերեւի ազդեցության» ստեղծած քաոսի մասին:
Մի°թե Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ ամրագրված «Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է» եւ «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով» դրույթներն անկատար են հովանավորչության ազդեցության տպավորությամբ:
Այո, քանի որ Խորհուրդների կազմերում կատարված փոփոխությունները չափազանցված են անօրինականության համատեքստում եւ վտանգում են հանրակրթության բնագավառի զարգացումը` որպես անհատի եւ հասարակության անվտանգության եւ կայուն զարգացման ապահովման, հայ ինքնության պահպանման կարեւոր երաշխիք»-ասաված է հայտարարությունում։