«Խոսի, թե չխոսի Նաիրի Հունանյանը, մինչև իր կյանքի վերջ նա պետք է մնա ճաղերի հետևում». Ստեփան Դեմիրճյան
Հոկտեմբերի 27-ի գործով դատավարությունը չի տվել բազմաթիվ հարցերի պատասխաններ», այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է հոկտեմբերի 27-ի ոճրագործության ընթացքում զոհված ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը։
Ս.Դեմիրճյանի խոսքով՝ Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելու որոշում չկա, սակայն կա հանրային հսկայական պահանջ. «Նույնիսկ 20 տարի անց լիարժեք բացահայտման հասարակական պահանջն էլ ավելի է ուժեղացել այն պատճառով, որ ժողովուրդը տեսնում է՝ նոր իշխանությունը բացահայտում է պետության դեմ կատարած հանցագործությունները, ունի քաղաքական կամք, կաշկանդված չէ, եւ ժողովուրդը հույս ունի՝ իշխանությունը կանդրադառնա նաեւ Հոկտեմբերի 27-ի ոճրագորությանը։ Քչերն են հավատում, որ այդ ոճրագործների հետեւում այլ ուժեր կանգնած չեն եղել»,- ասել է Ստեփան Դեմիրճյանը։
Անդրադառնալով Նաիրի Հունանյանին վաղաժամկետ ազատ արձակելու հնարավորությանը՝ Ս. Դեմիրճյանն ասել է. «Ուզում է՝ դիմում գրի, ուզում է՝ խոսի, ուզում է՝ չխոսի, նա մինչեւ իր կյանքի վերջը պետք է անցկացնի բանտում, պետք է նստի, կան հանցագործություններ, որոնք չեն ներվում»։
Հիշեցնենք, որ 20 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության հետեւանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը եւ օպերատիվ կառավարման հարցերով նախարար (փաստացի իրականացրել է փոխվարչապետի գործառույթներ) Լեոնարդ Պետրոսյանը: Կարեն Դեմիրճյանը հուղարկավորվեց Կոմիտասի անվան պանթեոնում։
Զինված անձինք էին Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը:
Նշենք, որ «հոկտեմբերի 27-ի» գործով դատավճիռը հրապարակվել է 2003 թվականի դեկտեմբերի 2-ին:
Կենտրոնի դատարանի վճռով՝ 6 անձ դատապարտվել է ցմահ, մեկ անձ՝ 14 տարվա ազատազրկման: