Ես զգուշացրել էի Վազգենին.․․ ասում էր՝ Քենեդուն անգամ սպանեցին, լինելու բանը կլինի. Էդվարդ Միլիտոնյան
«Վազգեն Սարգսյանն արձակ մտավ որպես տաղանդավոր երիտասարդ գրող, նրա կերպարը պայծառ, ուրախ մարդու կերպար էր՝ անմիջապես մարդու սիրտն ու հոգին մտնելու ունակությամբ, ջինջ ու պարզ հոգով, օգնելու պատրաստակամությամբ»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ հիշատակելով նաև Վ. Սարգսյանի ուշագրավ հրապարակախոսական հոդվածները:
«Սրընթաց ապրեց Վազգենը, նա իմ տեսած եզակի մարդկանցից էր, որը շատ արագ հսկայական փորձի կուտակումներ ունեցավ: Նա ուներ մեծ կամք աշխատելու և յուրահատուկ ունակություն՝ տարբեր ընկալումներով ու հոգեկերտվածքով, տարբեր կրթական մակարդակներով մարդկանց միավորելու և մեկ նպատակի մղելու: Նրա դերը Արցախյան ազատամարտում եզակի էր»,- նշեց գրողը՝ հավելելով, որ Վ. Սարգսյանի խոսքը արժեքավոր էր և ազդեցիկ:
«Երբ զգուշացնում էինք, որ անհրաժեշտություն կա թիկնապահներ ունենալու, նա ասում էր. «Քենեդուն էլ սպանեցին, լինելու բանը կլինի»:
Անդրադառնալով դիտարկմանը, որ Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման համար, Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ այդպիսի մարդկանց համար ամենաանվտանգ վայրը մեկուսարանն է: «Նա շատ սխալ պատկերացումներ ունի աշխարհի մասին, եթե մտածում է, որ պետք է դուրս գա և ապրի շատ անվտանգ: Նա ցավոք չի պատկերացրել՝ ինչ է անում, և հիմա էլ չի պատկերացնում իր նկատմամբ ինչ վերաբերմունք ունի Հայաստանի մեծ մասը: Հատուկենտ մարդիկ կային, որ ասում էի՝ ճիշտ է արել, և գուցե այդպիսի մարդիկ են նրան դրդել այդ քայլին:
Նրա արարքը ծանր խարան էր մեր ժողովրդի ճակատին, այդ ահաբեկչական քայլով պետության հունը շեղվեց… Նաիրի Հունանյանը սպանելուց հետո խզակոթով հարվածում էր Վազգեն Սարգսյանին, այդքանից հետո ո՞նց է մտածում, որ դուրս պիտի գա և հանգիստ ապրի այս արևի տակ… Դա կլինի արհամարհանք այդ հարվածն իրենց սրտին ընդունած մարդկանց նկատմամբ»:
Մանրամասն՝ տեսանյութում: