Էվո Մորալեսը համաձայնվել է անցկացնել ընտրությունների երկրորդ փուլը, եթե հաստատվի ընտրակեղծիքի փաստը
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ պատրաստ է անցկացնել երկրում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, եթե հաստատվի ժողովրդական կամարտահայտման առաջին փուլի արդյունքները կեղծելու փաստը: Այդ մասին շաբաթ քաղաքական գործիչը գրել է իր թվիթերյան էջում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք լսել ենք Կոլումբիայի, Արգենտինայի, Բրազիլիայի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումը: Հրավիրում եմ այդ եւ մյուս երկրներին մասնակցել մեր կողմից առաջարկվող ստուգմանը (քվերարկության արդյունքների շուրջ): Թող ստուգվեն բոլոր քվեաթերթիկները: Եթե գործընթացի արդյունքում ապացուցվի ընտրակեղծիքը, կանցկացնենք երկրորդ փուլ»,-գրել է առաջնորդը:
Ուրբաթ Բոլիվիայի Բարձրագույն ընտրական դատարանի (ԲԸԴ) նախագահ Մարիա Էուխենիա Չոքեն հրավիրել էր Եվրամիության եւ Ամերիկյան պետությունների կազմակերպության ներկայացուցիչներին, ինչպես նաեւ Բոլիվիայի քաղաքացիներին ստուգել ձայների հաշվարկի արդյունքները: Ըստ 100 տոկոս քվեաթերթիկների մշակման արդյունքների՝ ընտրություններում հաղթել է երկրի գործող նախագահ Էվո Մորալեսը՝ հավաքելով ձայների 47.08 տոկոսը, մինչդեռ նրա հիմնական մրցակից նախկին նախագահ Կարլոս Մեսան հավաքել էր 36.51 տոկոսը: Համաձայն երկրում գործող օրենքների՝ առաջին փուլում հաղթանակի համար թեկնածուին անհրաժեշտ է հավաքել ձայների 50 տոկոսից ավելին կամ 40 տոկոսը պայմանով, որ ամենամոտ մրցակցից ձայների միջակայքը կկազմի առնվազն 10 տոկոս:
Նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը տեղի է ունեցել Բոլիվիայում հոկտեմբերի 20-ին, իսկ առաջին նախնական արդյունքները հայտարարվել էին ընտրատեղամասերի փակումից չորս ժամ անց: Այնուհետեւ Մեսան հայտարարել էր, որ քվեարկության արդյունքները պետք է թույլ տան նրան դուրս գալ երկրորդ փուլ: Իր հերթին Մորալեսն ասել էր, որ այդ պահին գյուղական համայնքների բնակիչների ձայների հաշվարկը երաշխավորում է իր հաղթանակն արդեն իսկ առաջին փուլում:
Երեքշաբթի երեկոյան Բարձրագույն ընտրական դատարանը դադարից հետո հրապարակել էր ձայների արագ հաշվարկի նախնական նոր տվյալները, համաձայն որոնց՝ Մորալեսը հավաքում է առաջին փուլում հաղթանակի համար անհրաժեշտ ձայները: Այդ արդյունքները հրապարակելուց հետո երկրում սկսվել են բողոքի ցույցեր: Չորեքշաբթի Մորալեսը հայտարարել էր Բոլիվիայում արտակարգ դրության ռեժիմ եւ մեղադրել ընդդիմությանը պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ:
Մեսան հայտարարել էր, որ չի ընդունում առաջին փուլում իր հակառակորդի հաղթանակը: Արգենտինայի, Բրազիլիայի, Կոլումբիայի եւ ԱՄՆ-ի իշխանություններն արտահայտել են իրենց մտահոգությունը ձայների հաշվարկի ժամանակ «անոմալիաների» կապակցությամբ: