Չիլիի նախագահը նախարարների կաբինետին խնդրել է հրաժարական տալ
Չիլիի նախագահ Սեբաստյան Պինյերան շաբաթ օրը բոլոր նախարարներին խնդրել է հրաժարական տալ, որպեսզի կառավարությունում փոխատեղումներ իրականացնի՝ կապված երկրում տարածված սոցիալական ցույցերի դեմ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես բոլոր նախարարներին խնդրել եմ հրաժարական տալ, որպեսզի նոր կաբինետ ձեւավորեմ»,- ասել է նա ուղերձում, որը հեռարձակվել է Twitter-ում։ Նա նաեւ հայտնել է, որ եթե «հանգամանքները թույլ տան, ինքը մտադիր է, կիրակի օրվանից սկսած, բոլոր շրջաններում հանել արտակարդ դրությունը»։
Բողոքի ցույցերը, որոնք վերաճել են ոստիկանության հետ անկարգությունների եւ բախումների, Սանտյագոյում սկսվել էին հոկտեմբերի 14-ին՝ այն բանից հետո, երբ մետրոյի երթեւեկության արժեքը բարձրացել էր միջինը 30 պեսոյով (0,04 դոլար), մինչեւ առավելագույնը՝ 850 պեսո (1,2 դոլար)։ Ավելի ուշ անկարգությունները տարածվել էին նաեւ երկրի մյուս քաղաքներում։ Ստեղծված իրավիճակից ելնելով՝ նախագահ Պինյերան մայրաքաղաքում եւ այլ բնակավայրերում արտակարգ դրություն եւ պարեկային ժամ էր սահմանել, ինչպես նաեւ չեղարկել էր տրանսպորտի գնի բարձրացումը։ Իշխանությունների տվյալներով, անկարգությւունների հետեւանքով 19 մարդ է զոհվել։
Երեքշաբթի օրը Պինյերան հրապարակել էր բնակչության սոցիալական աջակցության մի շարք միջոցառումներ, ներառյալ թոշակների բարձրացում եւ էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում։