Նշված տեղեկատվությունն հեղինակի երևակայության արդյունքն է. ՀՔԾ-ն հերքում է «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման հավաստիությունը
«Ժողովուրդ» օրաթերթը միայն իրեն հայտնի նպատակներով շարունակում է իր լսարանին հրամցնել իրականության հետ որևէ աղերս չունեցող, հիմնազուրկ և մտացածին տեղեկություններ: Այս մասին Operativ լրատվականին հայտնում են ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից:
Հիշյալ լրատվամիջոցն այս անգամ՝ 2019 թվականի հոկտեմբերի 26-ին, հանդես է եկել հերթական մտացածին հրապարակմամբ, որում անդրադարձել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հարցաքննության՝ իրականությանը չհամապատասխանող հանգամանքներին: Մասնավորապես, հրապարակման մեջ անդրադարձ է կատարվել, թե իբր «ՀՔԾ քննիչը Գագիկ Հարությունյանին ներկայացրել է Արսեն Բաբայանին մեղադրանք առաջադրելու` իշխանության յուրացման բոլոր հանգամանքները, ինչին ի պատասխան՝ Գագիկ Հարությունյանը, հղում անելով մի շարք օրենքների, բավականին երկար` մի քանի էջ պարզաբանում է ներկայացրել` հիմնավորելով, թե Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնի յուրացում չէր կարող լինել, ամեն ինչ կատարվել է օրենքով: ՀՔԾ քննիչները, մեր տեղեկություններով, նրա ցուցմունքը դասախոսություն են որակել»:
Նշված տեղեկատվությունն ընդամենը տվյալ հրապարակման հեղինակի երևակայության արդյունքն է, ուստի լրատվամիջոցներին և հանրությանը կոչ ենք անում այն չընդունել որպես հավաստի տեղեկատվություն: Միաժամանակ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հորդորում ենք զերծ մնալ իրենց երևակայության արգասիքները որպես իրողություն ներկայացնելու արատավոր գործելաոճից:
Հիշեցնենք, այսօր առավոտյան Operativ լրատվականը իր Մամուլ բաժնում հաղորդել էր, որ «Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի ու Աժ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ հարուցված քրգործով հոկտեմբերի 24-ին ՀՔԾ-ում վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաեւ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել Գ. Հարությունյանի եւ ՀՔԾ քննիչների զրույցից: Քննիչները հետաքրքրվել են, թե երբ է ՍԴ-ից իր հրաժարականի դիմումը ուղարկվել ԱԺ: