ՄԻՊ-ի ներկայացուցիչները այցեր են իրականացրել Պաշտպանության նախարարության զորամասեր
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումը պատշաճ իրականացնելու եւ զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով 2019 թվականի հոկտեմբերի 21-23-ը Պաշտպանի ներկայացուցիչները եռօրյա չհայտարարված այցեր են իրականացրել Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում տեղակայված՝ երկու բանակային կորպուսների ենթակայության զորամասեր, ինչպես նաեւ զինվորական հոսպիտալ:
Այցերի ընթացքում ուսումնասիրվել են տրամադրվող բուժօգնության, կարգապահության, սննդի, ինչպես նաեւ ծառայության հետ առնչվող այլ հարցեր: Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել սպայական, ենթասպայական եւ շարքային կազմի զինծառայողների հետ, ծանոթացել զորամասի անձնակազմին հուզող խնդիրներին:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սահմանափակումով ծառայություն անցնող զինծառայողների ծառայության պայմաններին եւ նրանց կողմից բարձրացված խնդիրներին:
Սիսիանի զինվորական հոսպիտալի ղեկավար կազմի հետ քննարկվել են հոսպիտալի բժշկական անձնակազմի համալրվածության, զինծառայողների հետազոտությունների եւ բուժման կազմակերպման, այդ թվում՝ պլանային վիրահատությունների ձգձգման հետ կապված հարցեր: Արդյունքում արձանագրվել է, որ Սիսիանի զինվորական հոսպիտալն աշխատում է բավականին ծանրաբեռնված ռեժիմով, ինչը նաեւ պայմանավորված է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում իրականացվող շինարարական աշխատանքներով:
Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել հոսպիտալում գտնվող շարքային կազմի պարտադիր ժամկետային զինծառայողների հետ:
Բարձրացրած մի շարք խնդիրներ զորամասերի եւ հոսպիտալի հրամանատարության հետ քննարկման արդյունքում տեղում լուծում են ստացել, զինծառայողների խնդիրներն ավելի սեղմ ժամկետներում լուծելու նպատակով քննարկվել են հետագա համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու հստակ ուղղությունները:
Պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են մշտադիտարկման այցերի ընթացքում արձանագրված տվյալները, որի արդյունքներով պայմանավորված՝ համապատասխան գրություններ կհասցեագրվեն Պաշտպանության նախարարություն: