Բորիս Ջոնսոնը ուզում է հասնել դեկտեմբերի 12-ին ընտրությունների անցկացմանը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը պատրաստ է խորհրդարանին լրացուցիչ ժամանակ տալ՝ Brexit-ի պայմանագրի իր տարբերակը քննարկելու համար, սակայն միայն այն դեպքում, եթե խորհրդարանը սատարի դեկտեմբերի 12-ին համընդհանուր ընտրությունների անցկացումը։
BBC-ին տված հարցազրույցում Ջոնսոնն ասել է, թե ակնկալում է, որ Եվրամիությունը կերկարաձգի պայմանագրի քննարկման համար հատկացված ժամանակը, որը վերջանում է հոկտեմբերի 31-ին։ Ջոնսոնն ինքը երկարաձգման դեմ է եւ ուզում է, որ պայմանագրի իր տարբերակը, որքան հնարավոր է, շուտ ընդունվի։
«Եթե նրանց (խորհրդարանի անդամներին) իսկապես ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ այդ հրաշալի պայմանագրի ուսումնասիրման համար, ապա նրանք դա կստանան, սակայն եթե միայն համաձայնեն դեկտեմբերի 12-ին համընդհանուր ընտրությունների անցկացմանը»,- ասել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ կլինի, եթե լեյբորիստներն ընտրություններին դեմ քվեարկեն, Ջոնսոնն ասել է, թե իր կուսակցությունը «ամեն օր կաշխատի այն բանի համար, որպեսզի երկրի բնակիչներին ազատի խորհրդարանից, որն անօգուտ է դարձել»։
Եվրամիությունը պայմանագրի քննարկման ժամկետի հարցն այս հինգշաքբթի պետք է լուծի։ Եթե բրիտանական խորհրդարանը մինչեւ հոկտեմբերի վերջը լրացուցիչ ժամանակ ստանա, վարչապետը, ամենայն հավանականությամբ, կրկին կփորձի պայմանագիրը խորհրդարանի քննարկմանը դնել։
Ավելի վաղ, այս շաբաթ, Համայնքների պալատը հրաժարվել էր արագացված կարգով ընդունել ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագիրը, որի մասին Ջոնսոնը պայմանավորվել էր Եվրամիության առաջնորդների հետ։