Մեքսիկայում նախարարը հրաժարվել է պաշտոնից հեռանալ թմրաբարոնի որդու հետ կապված ֆիասկոյից հետո
Մեքսիկայի հանրային անվտանգության նախարար Ալֆոնսո Դուրասոն հայտարարել է, որ պաշտոնից չի հեռանա ընդդիմության պահանջով՝ «Գաճաճ» մականունով թմրաբարոն Խոակին Գուսման Լոերայի որդու ձերբակալության հատուկ գործողության ձախողումից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այդպիսի պաշտոններ չեն որոնում եւ դրանցից չեն հրաժարվում, դրանք պատասխանատվություն են ենթադրում»,- Սենատում միջոցառումից հետո լրագրողներին ասել է Դուրասոն՝ պատասխանելով մի շարք քաղաքական գործիչների պահանջով հնարավոր հրաժարականին առնչվող հարցին: Նրա խոսքը հրապարակել է «Միլենիո» պարբերականը:
Ընդ որում՝ նախարարը հայտնել է, որ «մեծ հաճույքով» զեկույցով հանդես կգա սենատորների առաջ, որոնք Կուլիականում գործողության եւ իրավիճակի մասին հաշվետվություն են պահանջել:
Ավելի վաղ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը խոստովանել էր Օվիդիո Գուսմանի ձերբակալության գործողության ձախողումը, որը հանգեցրել էր Կուլիականում, Սինալոա հանագ, փողոցային արյունահեղ մարտերի: Սինալոա կարտելի զինյալները դաշնային իշխանություններին դե ֆակտո հարկադրել են դադարեցնել հատուկ գործողությունը եւ բաց թողնել «Մուկ» մականունով Օվիդիո Գուսմանին, որին փոխհրաձգությունից հետո ձերբակալել էր պաշտպանության նախարարության եւ ազգային գվարդիայի տեղական պարեկը:
Իշխանությունների տեղեկություններով՝ Կուլիականում 7 ժամ տեւած բախումների հետեւանքով զոհվել է 9 մարդ, 23-ը տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ ստացել: Անկարգություններից օգտվել են տեղի բանտի դատապարտյալները, որտեղից փախուստի է դիմել 55 հանցագործ: