«Խելքը կերե՞լ է». 28-ամյա կինը 52-ամյա տղամարդու վստահությունը չարաշահելով հափշտակել է շուրջ 7 մլն դրամ գումար
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել 28-ամյա կնոջը:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 28-ամյա կինը, խարդախությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, կեղծ անձնական տվյալներով ծանոթություններ է հաստատել «Օդնոկլասնիկի» սոցիալական կայքում, որի միջոցով ծանոթացել է Կոտայքի մարզի 52-ամյա բնակչի հետ եւ 2012- 2015թթ. ընթացքում շփվելով վերջինիս հետ՝ ձեւավորել է մտերմիկ հարաբերություններ եւ գոյություն չունեցող առողջական, ընտանեկան խնդիրներ լուծելու մտացածին կեղծ պատրվակներով գումարներ վերցնելու հնարավորությունն իրացնելով, չարաշահել է նրա վստահությունն ու հափշտակել դրանք՝ հետագայում վերադարձնելու կեղծ խոստմամբ:
Այնուհետեւ տեսնելով, որ 52-ամյա տղամարդը այլեւս չի վստահում կեղծ տվյալներով անձին եւ դադարել է գումարներ տրամադրել, որոշել է ներկայանալ իր իրական տվյալներով ու շարունակել տարբեր պատրվակներով գումարներ վերցնել: Արդյունքում՝ 2012-2015թթ. ընթացքում 52-ամյա տղամարդու վստահությունը չարաշահելու եղանակով, վերջինից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի ընդհանուր՝ 7.213.273 ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 28-ամյա կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: