Հայաստանի եւ Ֆրանսիայի արդարադատության նախարարները պայմանավորվել են խորացնել համագործակցությունը
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ստրասբուրգ կատարած այցի ընթացքում հոկտեմբերի 15-ին հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության արդարադատության նախարար Նիկոլ Բելուբեին:
Նախարարությունից հայտնում են, որ նախարար Բադասյանը, բարձր գնահատելով Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ տարբեր մակարդակներում սերտ ու արդյունավետ համագործակցությունը՝ շնորհակալություն է հայտնել բարեկամ ժողովրդին Ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու կապակցությամբ:
Ռուստամ Բադասյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ զրույցում կարեւորել է նաեւ Ֆրանսիայի նախագահությամբ անցկացված «Արդարադատության թվային մարտահրավերները Եվրոպայում» խորագրով համաժողովին քննարկված հարցերն ու նշել, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի արդարադատության նախարարությունների միջեւ առկա համագործակցությունը զարգացնելու մեծ ներուժ կա:
Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ եւ անդրադարձել փոխադարձ իրավական օգնությանը վերաբերող մի շարք հարցերի:
Հանդիպման ավարտին համագործակցությունն ու շփումներն ինտենսիվացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: