Մամուլի ազատությունն այն կարեւորագույն արժեքներից է, որն այսօր ունենք Հայաստանում. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ:
Նա, մասնավորապես, նշել է.
«Հայ մամուլի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Սիրելի՛ լրագրողներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Հայ մամուլի օրվա առթիվ: Այս օրն առիթ է եւս մեկ անգամ արժեւորելու ձեր դերը, ձեր կատարած աշխատանքը, այդ թվում՝ Նոր Հայաստանի կերտման կարեւորագույն գործում:
Մամուլը, խոսքի ազատությունը ժողովրդավարության ամենակարեւոր ինստիտուտներից են, որոնց զարգացման գործում մեր կառավարությունը հետեւողական է եւ շարունակելու է ամեն ինչ անել, որպեսզի մեր հայրենիքը հստակ եւ վստահ շարունակի քայլել ժողովրդավարության ճանապարհով: Մեր քայլերի ապացույցներից է «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից հրապարակված մամուլի ազատության ինդեքսում Հայաստանի աննախադեպ առաջընթացը. մեր երկիրը 19 կետով բարելավել է իր դիրքերը եւ զբաղեցրել 61-րդ հորիզոնականը:
Հարգելի' գործընկերներ,
մամուլի ազատությունն այն կարեւորագույն արժեքներից է, որն այսօր ունենք Հայաստանում, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի պահպանենք եւ զարգացնենք այն:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս Հայ մամուլի օրվա առթիվ եւ մաղթում ստեղծագործական հաջողություններ, ազատ եւ անվտանգ գործունեություն: