Ջուլիանին Թրամփին կոչ է արել իսլամական քարոզիչ Գյուլենին հանձնել Անկարային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին 2017 թվականին բազմիցս կոչ է արել ԱՄՆ առաջնորդին իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիա արտահանձնել, ում Անկարան համարում է 2016 թվականին երկրում պետական հեղաշրջման անհաջող փորձի կազմակերպիչ: Այս մասին հայտնել է The Washington Post պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմում նախկին պաշտոնյաների:
Պարբերականը նշում է, որ Վաշինգտոնում դեմ են հանդես եկել Գյուլենին հանձնելուն եւ այն կարծիքին են մնացել, որ «[նրան] չեն կալանավորի հանուն [Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ] Էրդողանին սիրաշահելու», սակայն Թրամփն, ամենայն հավանականությամբ, պատրաստ էր «այս գաղափարն ընդունելուն» եւ հաճախ էր հարցնում, թե ինչու Գյուլենը չի կարող արտահանձնվել, ընդ որում՝ թուրք առաջնորդին իր ընկերն անվանելով:
Ջուլիանին մերժել է պարբերականի խնդրանքը այս տեղեկությունը մեկնաբանելու մասին՝ այն անվանելով «բարբաջանք» եւ ընդգծելով, որ ինքը երբեք չի ներկայացրել Թուրքիայի շահերը:
2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի Զինված ուժերի զինվորների եւ սպաների խումբը նախաձեռնել էր պետական հեղաշրջման փորձ: Հիմնական դիմակայությունը ծավալվել էր Ստամբուլում եւ Անկարայում, զոհվել էր ընդհանուր 250 մարդ՝ չհաշված խռովարարներին, եւս 2 հազարից ավելին մարմնական վնասվածքներ էր ստացել: Անկարան խռովության կազմակերպման մեջ մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին եւ նրա հետ կապված «ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպությանը» (FETO): Խռովությունից հետո Թուրքիայում կալանավորվել է ավելի քան 50 հազար մարդ, նաեւ աշխատանքից ազատվել կամ հեռացվել են տասնյակ հազարավոր պետական ծառայողներ: