Նարեկ Զեյնալյանն անդրադարձել է ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ 9-ամյա երեխայի հետ կապված միջադեպին
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանն անդրադարձել է ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ 9-ամյա երեխայի հետ կապված միջադեպին։
«Մեկ ամիս լռած մայրը խոսեց։ Բացահայտվեց հասարակության համար ևս մի վտանգավոր սուբյեկտ. արբեցող, թմրամոլ, ով «դմմած» վիճակում մեքենա է վարում ու երեխայի է վթարի ենթարկում։
Մի լկտի, նենգ ու մեծամիտ կերպար, ում պետք է օր առաջ մեկուսացնել հասարակությունից։
Այս պատմության մեջ ամենազզվելի այն է, որ օգտագործում են անչափահաս երեխային։
Իրավապահ մարմինները պարտավոր են պարզել, թե ինչ է եղել իրականում, կնոջ իրարամերժ նախադասությունների և մեկ ամիս լռելու պատճառը, և ընդհանրապես այս պատմության իրական դրդապատճառներն ու բացահայտեն բոլոր հնարավոր շահագրգիռ կողմերին»,–նշել է նա։
Նշենք, որ Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի մասին ԶԼՄ-ներում և համացանցում տարածված հրապարակումների հիման վրա ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթը տեղի է ունեցել սեպտեմբերի 12–ին Կիևյան 4 հասցեում գտնվող բակերից մեկում։ Մամուլի հրապարակումների համաձայն՝ մայրը երեխային տեղափոխել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, ուր այցելել է նաեւ Դավիթ Սանասարյանը և տեղում պայմանավորվածություն ձեռք բերել բժիշկների հետ, որպեսզի դեպքի մասին չհայտնեն ոստիկանությանը, այսինքն՝ չգրանցվի որպես վրաերթ, այլ որպես բակում խաղալու ընթացքում ստացած վնասվածք:
Դավիթ Սանասարյանը նախ հերքել է իր մասնակցությունը վրաերթին՝ այն անվանելով «հերթական շառը», սակայն այն բանից հետո, երբ Analitik.am-ը հրապարակեց տեսանյութ, որտեղ 9–ամյա երեխան և նրա մայրը մանրամասներ են հայտնում դեպքի մասին, Սանասարյանն ըստ էության չթաքցրեց, որ կապ է ունեցել կատարվածի հետ։
Ըստ Սանասարյանի՝ երեխան մեքենայի կողքից՝ քարի վրայից թռչելուց դիպչել է իր մեքենային և ընկել գետնին։ Նա նաև նշել է, որ մարդասիրությունից դրդված հետաքրքրվել է երեխայի առողջությունով, նրանց հետ երկու անգամ գնացել ԲԿ:
«Տեղեկացնում եմ, որ դրանից երկու օր անց, այդ կինը (երեխայի մայր) ինձանից 300.000 դրամ փող էր պահանջում, և սպառնում, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի, որ իր երեխային վրաերթի եմ ենթարկել, այն ժամանակ, երբ ինձանից լսեց, որ ոչ մի գումար էլ չեմ տալու, ասեց, որ լրատվամիջոցներին տեղեկացնելու է»,- գրել է Սանասարյանը: