Կիմ Չեն Ընը բարձրացել է սրբազան լեռ սպիտակ վարգաձիով
Հյուսիսային Կորեայի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը Սամչժիյոն նահանգ տեսչական այցի ընթացքում հերթական անգամ բարձրացել է կորեացիների սրբազան Փեքթուսան լեռը, տեղեկացնում է հյուսիսկորեական ԿԿՀԳ-ն (Կորեայի Կենտրոնական հեռագրային տեղեկատվական գործակալություն)։
Այս անգամ նա լեռ բարձրացել է սպիտակ ձիով՝ դիմավորելով Փեքթու լեռան առաջին ձյունը։
«Դա մեծ իրադարձություն է, որը հսկայական նշանակություն ունի մեր հեղափոխական պատմության մեջ։ Այն ցուցադրում է ընկեր Կիմ Չեն Ընի լեգենդար ոգին (խմբ.), որը աննկուն կամքով մեր հայրենիքը տանում է պայքարի տերությունների դեմ, որոնք հսկայական ուժ ունեն, եւ պատմության ընթացքն ուղղորդում է արդարության եւ ճշմարտության ճանապարհով»,- գրում է ԿԿՀԳ-ն։
Գործակալության հրապարակած լուսանկարներում Հյուսիսային Կորեայի առաջնորդն իսկապես սպիտակ վարգաձիու վրա է, Փեքթուսանի՝ ամպերով ծածկված գագաթին, եւ վարգում է ձյունապատ անտառներով ու լեռներով։
Սամչժիյոն նահանգ այցելության ժամանակ, որտեղ այժմ քաղաքացիական մեծ շինարարություն է ծավալվում, Կիմ Չեն Ընը նաեւ քննադատել է ԱՄՆ պատժամիջոցների քաղաքականությունը։
«Հիմա մեր երկրի դրությունը չափազանց ծանր է չդադարող պատժամիջոցների եւ թշնամական ուժերի՝ մեզ ճնշելու փորձերի պատճառով, մենք բազմաթիվ դժվարություններ եւ փորձություններ ունենք... Մեր հանրապետության դեմ հանդես եկող թշնամական ուժերի (ԱՄՆ գլխավորությամբ)՝ մեր ժողովրդին հասցրած տառապանքներն արդեն տառապանքից վերածվում են ցասման»,- ԿԿՀԳ-ն մեջբերում է Պետխորհրդի նախագահի խոսքերը։
Թշնամու մտադրությունները խափանելը, նրա կարծիքով, պետք է կատարվի սեփական ուժերի վրա հենվելով, «սեփական ջանքերով գծելով առաջ ընթանալու ճանապարհն ու շարունակելով լավ ապրել»։
Ինչպես այս առնչությամբ նշում է հարավկորեական Ռյոնհափ գործակալությունը, Կիմ Չեն Ընը ավելի վաղ Փեքթուսան բարձրացել է իր աշխատանքի ամենադժվար պահերին ՝ 2013 թվականի փետրվարին, քեռու՝ Չան Սոն Թհեքի մահապատժից առաջ, 2014-ի նոյեմբերին, հոր մահվան 3-րդ տարելիցի նախօրեին եւ 2017-ի դեկտեմբերին, Հարավային Կորեայի հետ հարաբերությունների հաստատման նախօրեին։ Սամչժիյոն ուղեւորությունները, որը Հյուսիսային Կորեայում համարվում է «հակաճապոնական հեղափոխական գործունեության սրբազան վայր», հաճախ կատարվել են նաեւ ԱՄՆ-ի հետ բանակցությունների դժվարությունների ժամանակ, որպեսզի ամրապնդվի ներքին համախմբվածությունը։ Ուստի, կարելի է սպասել, որ առաջիկայում Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը կընդունի կարեւոր որոշումներ միջուկազերծման բանակցությունների եւ պետական կառավարման այլ հարցերի վերաբերյալ։