Հայաստանի բնակչությունը համատարած կասկածելի որակի աղ է օգտագործում. կոմբինատի տնօրեն
Հայաստանի բնակչությունը համատարած կասկածելի որակի աղ է օգտագործում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ավանի աղի կոմբինատ ՓԲԸ-ի տնօրեն Արեգ Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ ամեն տարի մոտ 5000 տոննա տեխնիկական աղ է ներմուծվում, որը նախատեսված է արդյունաբերական նպատակների համար, սակայն երկրի արդյունաբերությունն ի վիճակի է ավելի քիչ յուրացնել:
«Մեր տվյալներով՝ ներմուծվող տեխնիկական աղի մեծ մասն ուղղվում է սննդային արդյունաբերության կարիքներին՝ մարդու կյանքի համար վտանգավոր ռեագենտների մշակումից հետո: Տվյալ աղը հիմնականում բերվում է Իրանից, եւ այն պատճառով, որ ներմուծվում է արդյունաբերական աղի ներքո, դրա վաճառքից բյուջե չեն մտնում հարկերը, ինչը դրան մրցակցային առավելություններ է տալիս: 2018-ի ընթացքում մեր կոմբինատի արտադրանքի վաճառքն ընկել է 20-30%-ով: Մենք չենք վախենում մրցակցությունից, քանի որ մեր արտադրանքը համապատասխանում է միջազգային պահանջներին, սակայն այդ մրցակցությունը պետք է լինի սննդային, այլ ոչ թե արդյունաբերական աղի արտադրողների միջեւ»,- հստակեցրեց նա:
Ղուկասյանը նշեց, որ կարեւորը ոչ այնքան տնտեսական բաղադրիչն է, այլ այն, որ նման աղը վտանգավոր է առողջության համար:
«Ես արդեն 1,5 տարի է՝ բարձրացնում եմ այդ հարցը: Մենք դիմել ենք բոլոր պետական գերատեսչություններին, այդ թվում՝ վարչապետին: Պետական կառույցներն ու իրավապահ մարմինները պատասխանում են, որ ստուգումներ են անցկացվում: Անհանգստացնում է այն, որ ոչ ոք չգիտի նման մեծ քանակությամբ աղ գնելու նպատակը»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ միայն մեկ ընկերություն մեկ տարում 1000 տոննա արդյունաբերական աղ է գնում: