Արթուր Դավթյանը եւ Սասուն Խաչատրյանը քրեորեն հետապնդելի արարք են կատարել. Վիտալի Բալասանյան
Ես հայտարարել եմ իմ անվստահությունը Հայաստանի գլխավոր դատախազության եւ Հատուկ քննչական ծառայության նկատմամբ, որովհետեւ նրանք կատարածու են։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու չի ներկայանում ՀՔԾ «Մարտի 1-ի» գործի շրջանակներում։
«Գլխավոր դատախազը եւ ՀՔԾ պետը քրեորեն հետապնդելի արարք են կատարել։ Մենք հայտնի գաղտնալսումները լսեցինք, հանձնարարությունները լսեցինք, եթե գլխավոր դատախազը գործ չի հարուցել Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի դեմ, ապա այդ դրվագով գլխավոր դատախազը պետք է քրեական հետապնդման ենթարկվի։ Եթե նա ինձ համար հանցագործ է, ապա ինչպես կարող եմ ներկայանալ, ցուցմունք տալ, բացի այդ կա օրենք, կա համաձայնագիր գլխավոր դատախազությունների միջեւ։ ՀՔԾ-ն չի կարող բերման ենթարկել Արցախի Հանրապետությունում հաշվառված Վիտալի Բալասանյանին»,–նշեց նա։