Հնդկաստանի հյուսիսում նորածնին ողջ-ողջ թաղել են
Հնդկաստանի հյուսիսում նորածնին ողջ-ողջ թաղել են։ BBC-ն հայտնում է, որ երեխային գտել է գյուղի մի բնակիչ, որը ծնվելուց մի քանի րոպե հետո մահացած սեփական դստերն էր հուղարկավորում։
Աղջկան, որ դրել էին կավե ամանի մեջ եւ թաղել հողի տակ, տեղափոխել են հիվանդանոց։ Նա արդեն կազդուրվում է։
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ «Մենք փորձում ենք գտնել երեխայի ծնողներին եւ կասկած ունենք, որ դա նրանց համաձայնությամբ է կատարվել»,- Ուտար Պրադեշ նահանգում լրագրողներին ասել է ոստիկանը։
Հնդկաստանում սեռերի հարաբերակցության վիճակն աշխարհում վատթարագույններից է։ Կանայք հաճախ են սոցիալական խտրականության ենթարկվում, իսկ աղջիկները համարվում են ֆինանսական բեռ, մանավանդ՝ աղքատների շրջանում։