Մասիս քաղաքում տարածված գարշահոտության վերաբերյալ փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանի հայտարարությունը
Ինչպես Operativ լրատվականը իր հրապարակումներից մեկում հայտնել էր, Մասիսի թունավոր գարշահոտությունը սկսվել է նորից: Մեր խմբագրությունը ահազանգ էր ստացել բնակչից:
Ահա Մասիս քաղաքում տարածված գարշահոտության առնչությամբ փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է.
«Սիրելի մասիսցիներ,
Մասիս քաղաքում տարածվող գարշահոտությունը բնակիչների համար դարձել է անտանելի և վտանգավոր: Հարկ եմ համարում տեղեկացնել Ձեզ, որ գարշահոտության աղբյուրը չի գտնվում Մասիս քաղաքի վարչական սահմաններում,այլ հարակից երկու համայնքների վարչական սահմանում գոյացող կեղտաջրերի հետևանք է: Չնայած այն հանգամանքին, որ իրավական առումով հարցի լուծումը չի գտնվում քաղաքապետարանի իրավասության շրջանակներում,սակայն քաղաքապետարանը ամեն հնարավոր միջոցներով փորձում է խնդիրն արագ լուծում տալ:
Մասիսի քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կողմից իրականացվում են բոլոր հնարավոր միջոցառումները՝ քաղաքում տարածվող գարշահոտության աղբյուրի վերացման ուղղությամբ: Գարշահոտության տարածման աղբյուրներից մեկը քաղաքապետի անձնական միջոցներով բերվեց այնպիսի տեսքի,որը ժամանակավոր լուծեց խնդրի մի մասը:
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկացված են իրավասու ՀՀ պետական բոլոր գերատեսչությունները:Այսօր հանդիպում է տեղի ունեցել Նաիրիտ գործարանի ներկայացուցիչների հետ, վերջիններիս կողմից գրավոր պատասխան ստանալուց անմիջապես հետո կրկին կդիմենք ՀՀ պետական գերատեսչություններին՝ խնդրի վերջնական լուծման պահանջով:
Հ.Գ Մասիսի քաղաքապետարանը պատշաճ և ժամանակին կատարում է իր պարտականությունները և անմիջապես բարձրաձայնում բնակիչներին անհանգստացնող խնդիրների վերաբերյալ իրավասու մարմիններին»: