Ոստիկանությունն իր օժանդակությունն է առաջարկել Լոնդոնին կոկաին մատակարարող ալբանացի թմրավաճառների 2000 հաճախորդներին
Լոնդոնի ոստիկանությունը տեքստային հաղորդագրություններ է ուղարկել քաղաքին կոկաին մատակարարող ալբանացի թմրավաճառների 2000 հաճախորդներին, վերջիններիս օգնություն առաջարկելով թմրակախվածությունից ձերբազատվելու գործում, հաղորդում է Daily Mail-ը։
Ալբանացի թմրավաճառների զոհերի հեռախոսահամարներն ի հայտ են եկել ձերբակալության ժամանակ բռնագրավված երկու հեռախոսներում։
Ավազակախմբի զոհերի եւ հաճախորդների հայտնաբերման նպատակով ներկայումս իրավապահները «սանրում» են ողջ երկիրը։
Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է 12 ալբանացիների, որոնց մոտ եղել է 144 հազար ֆունտ սթերլինգ արժողությամբ 1,2 կգ կոկաին, կեղծ փաստաթղթեր եւ 20 հազար ֆունտ սթերլինգ կանխիկ գումար։
Ոստիկանությունում հայտնել են, որ հանցագործ խմբավորման գործունեության հետաքննությունը տեւել է ութ ամիս։