70 հազարից ավելի մարդիկ իրենց տները լքել են վերջին օրերին Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների պատճառով
70 հազարից ավելի մարդիկ հարկադրված էին իրենց տները լքել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների ծավալման պատճառով, ուրբաթ ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագրի պաշտոնական ներկայացուցիչ Էրվե Ֆերհուզելը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ՀՊԾ-ն խորապես մտահոգված է Սիրիայի հյուսիս-արևելքում իրավիճակի զարգացման հնարավոր ազդեցությամբ և ուշադիր հետևում է իրավիճակին: Բռնության ծավալման մեկնարկից սկսած՝ գրանցվել է բնակչության զանգվածային տեղահանություն: Այս պահին Հասեքե և Ռաքա նահանգներից 70 հազարից ավելի մարդիկ լքել են իրենց տները»,- ասել նա:
Ֆերհուզելի խոսքով՝ ներկայումս Ղամշլի բնակավայրում ՀՊԾ դաշտային գրասենյակում շարունակում են աշխատել կազմակերպության 32 աշխատակիցներ, նրանց համար ընդունվել են անվտանգության հատուկ միջոցներ:
Ավելի վաղ ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը հայտարարություն էր հրապարակել, որում նախազգուշացրել էր փախստականների թվի հնարավոր աճի մասին՝ կապված Սիրիայի հյուսիսում սկսված ռազմական գործողության հետ:
ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլն իր հերթին հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության անցկացումը սկսելուց ի վեր զոհվել է 7 խաղաղ բնակիչ, ներառյալ 2 կին և երեխա: Եվս մեկ երեխա վիրավորվել է:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» գործողություն սկսելու մասին՝ ուղղված Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Թուրքական ավիացիան նույն օրը հարվածներ էր հասցրել Սիրիայի Հասեքե նահանգում Ռաս էլ Այն քաղաքին:
Ավիահարվածների էր ենթարկվել Թուրքիային սահմանամերձ սիրիական ևս մեկ քաղաք՝ Տել Աբյադը: Ավելի ուշ հայտարարվել էր գործողության ցամաքային մասի մեկնարկի մասին: Թուրքիայի պաշտպանության նախարարության վերջին տեղեկություններով՝ «խաղաղության աղբյուր» գործողությունը սկսելուց հետո զինվորականները Սիրիայի հյուսիսում հարվածներ են հասցրել քրդական կազմավորումների 181 թիրախների վրա: