Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի. Իրաքից միջազգային իրավունքի փորձագետ Ֆիքրաթ Ալ Բաղդադի
Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի: Այս մասին Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» համաժողովի ժամանակ հայտարարել է Իրաքից միջազգային իրավունքի փորձագետ Ֆիքրաթ Ալ Բաղդադին:
«Հուսով ենք, որ արնահեղություն այլեւս չի կրկնվի եւ խաղաղություն կհաստատվի: Ժողովուրդներն ինքնորոշման, սեփական ապագան որոշելու իրավունք ունեն: Աշխարհում ոչ ոք չի կարող մեկ այլ ազգի իր կամքը թելադրել: Ժողովուրդներն ազատ են ստեղծվել»,- հիշեցրել է փորձագետը:
Նա նաեւ անդրադարձել է հայ ժողովրդի պատմությանը՝ նշելով, որ հայերը հնագույն պատմություն ունեն եւ մեծ ներդրում են ունեցել քաղաքակրթության զարգացման գործում: «100 տարի առաջ հայ ժողովուրդը ցեղասպանության ենթարկվեց, եւ աշխարհն այդ մասին չի մոռացել: Մենք տեսնում ենք ազատ ապրելու ցանկությունը եւ կնպաստենք դրա իրականացմանը: Շուշին հնագույն հոգեւոր կենտրոն է, այժմ այն ազատ է օկուպացիայից: Այստեղ ժողովուրդը վերածնվել է, Արցախն այսօր ազատ ժամանակակից պետություն է: Մենք՝ որպես իրավաբաններ եւ մտավորականներ, ամեն ինչ կանենք՝ այդ բարձր վեհ գաղափարներն իրականություն դարձնելու համար»,- հավելել է նա: