«Կեցցեն Ֆրանսիան և Արցախի հետ բարեկամությունը». Ռոշբլուան
Ֆրանսիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանն խոսել է Արցախի օդային տարածքը բացելու անհրաժեշտության մասին։ Այս մասին նա հայտարարել է Ստեփանակերտում անցկացվող «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» միջազգային համաժողովում։
Հիշեցնենք, որ Արցախի օդային տարածքը փակ է Ադրբեջանի՝ քաղաքացիական ինքնաթիռները խփելու սպառնալիքի պատճառով։
Նախկին պատգամավորն անդրադարձել է կրթության եւ ապակենտրոնացված համագործակցության ոլորտին։ «Նախորդ հռետորը խոսեց այն մասին, որ Տորոնտոյում բարձրացնում են Արցախի դրոշը։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ Բուրգ լը Վալանս քաղաքի քաղաքապետուհին Արցախի դրոշը պարզել է քաղաքի մուտքի մոտ։ Ստորագրվել է համաձայնագիր Արցախի եւ 600 հազար բնակչություն ունեցող Իզերիի միջեւ։ Առնովիլը նույնպես ճնշման չի ենթարկվում։
Այս քաղաքների և դեպարտամենտների ղեկավարները բողոքարկում են դատարանների վճիռները եւ կդիմեն ավելի բարձ ատյանների»,- հավաստիացրել է Ռոշբլուանը՝ խոսելով դատարանների վճիռների մասին, որոնք ադրբեջանական լոբբիի ճնշման տակ անօրինական են համարել համագործակցությունն Արցախի հետ։ Ֆրանսուա Ռոշբլուանը տեղեկացրեց նաեւ, որ Ստեփանակերտում կլինի ֆրանկոֆոնիայի կենտրոն, այն շահագործման կհանձնվի 2020 թվականի հունիսին։
«Կեցցեն Ֆրանսիան և Արցախի հետ բարեկամությունը»,- ամփոփել է Ռոշբլուանը։