Լավրովը փորձել է սիրաշահել Բաքվին (Տեսանյութ)
«Կլանային տեսանկյունից, հաշվի առնելով Ադրբեջանի քաղաքական համապատկերը, որևէ էական փոփոխություն տեղի չի ունեցել. Ասադովը ևս նախիջևանյան կլանից է:Սակայն կարևոր է այն, թե դա արդյոք կբերի՞ Ադրբեջանի կառավարության կազմի փոփոխության, այսինքն՝ կլինի՞ նոր գործընթացների սկիզբ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում վարչապետի հրաժարականին և այդ պաշտոնում Ալի Ասադովի նշանակմանը:
«Օրբելի» կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Գրետա Ավետիսյանը բնական է համարում Ադրբեջանի նոր վարչապետի հայտարարությունը՝ կապված ԼՂ հիմնախնդրի հետ. «Որպես նորանշանակ վարչապետ՝ Ալի Ասադովը պետք է իր առաջին ելույթում անդրադառնար այն քաղաքականությանը, որը տարիներ շարունակ վարում է Ադրբեջանը, և այն կոնտեքստով, որով Ալիևն է գնում»:
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությանը՝ զրուցակիցը նշել է, որ նա համատեքստից կտրված է ներկայացրել ՀՀ վարչապետի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը. «Անհասկանալի էր, որ հասցեական հայտարարությունը արվեց միայն Հայաստանի հետ կապված: Ալիևը բազմիցս հայտարարել է, որ ոչ միայն Ղարաբաղն է իրենցը, այլև Երևանը. ինչո՞ւ այս համատեքստում որևէ հայտարարություն չկա: Այսինքն՝ այստեղ տեսնում ենք ինչ-որ բալանսների խախտում, և կարծում եմ՝ համանախագահների հետ հետևողական աշխատանք է պետք իրականացնել փակ դիվանագիտական խողովակներով՝ այս բալանսը վերականգնելու համար»:
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, սակայն, չի համարում, որ հարցը գտնվում է փակուղում. «Երկու կողմերն էլ դիամետրալ հակառակ դիրքերի վրա են կանգնած՝ ինչ ուզում է Ադրբեջանը, երբեք մենք չենք համաձայնի, և հակառակը»:
Անդրադառնալով Վալդայում հնչած ելույթին՝ Արման Նավասարդյանը ևս կարծում է, որ դա սուբյեկտիվ մոտեցում էր. «Լավրովը, լինելով փայլուն դիվանագետ, հասկացավ, թե ինչ է անում. սա ռևերանս էր Ադրբեջանին: Երևանյան հաջողությունից հետո երևի թե պետք էր մեղմել Ալիևի բարկությունը կամ նրա սիրտը շահել, և դա ասվեց: Սակայն ինչ որ ասվեց, բացարձակապես դեմ է տրամաբանությանը, թե իբր վարչապետի հայտարարությունը խանգարեց, որպեսզի գործը մեռյալ կետից շարժվի. իսկ ի՞նչ է, նման հայտարարություններ քի՞չ են եղել՝ և՛ այս կողմից, և՛ այն կողմից. արդյունքը ի՞նչ է եղել: Իսկ ի՞նչ է՝ Ղարաբաղը Հայաստան չէ՞. իրենք շատ լավ գիտեն դա, և ամբողջ աշխարհը գիտի»:
Արտակարգ և լիազոր դեսպանի կարծիքով՝ հիմա ինչ արվում է, քաղաքական խաղեր են. «Դրանից հարցը ո՛չ կվատանա, ոչ էլ կլավանա. սա անցողիկ բան է: Իսկ ինչ վերաբերում է ԱԳՆ-ի ռեակցիային, ես այն համարում եմ ադեկվատ»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: