Հայաստանը դատապարտում է Թուրքիայի ներխուժումը Սիրիա և միջազգային հանրությանը կոչ անում կանխել այն, կանխարգելել դրա հետևանքով մարդասիրական աղետի սպառնալիքը
Հայաստանը դատապարտում է Թուրքիայի ներխուժումը Սիրիա և միջազգային հանրությանը կոչ անում կանխել այն, կանխարգելել դրա հետևանքով մարդասիրական աղետի սպառնալիքը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում, ասելով նաև, որ կլինի փակ քննարկում ստեղծված իրավիճակի և Հայաստանի քայլերի շուրջ: Որո՞նք են լինելու Հայաստանի քայլերը: Ակնառու է, որ նախ և առաջ Հայաստանի մտահոգությունը պետք է լինի ռազմական գործողությունների դիապազոնում գտնվող հայության անվտանգությունը: Այդ գոտում ապրում են մի քանի հազար հայեր, ըստ տարբեր փորձագիտական գնահատականների՝ մոտ 3000: Անհրաժեշտ է հնարավորն անել հայերի անվտանգությունն ապահովելու, հարկ եղած դեպքում նրանց ընդհուպ Հայաստան տեղափոխելու համար:
Միևնույն ժամանակ ակնառու է, որ Հայաստանը չի կարող բավարարվել միայն հայրենակիցների անվտանգության և մարդասիրական հարցերով մտահոգվելով և այդ տեսանկյունից կարևոր է, որ թե վարչապետի հայտարարությունը, թե Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը դատապարտելով Թուրքիայի ներխուժումը, բոլորովին չի կենտրոնացել դրա հետևանքով միայն հայությանը սպառնացող վտանգի վրա: Միաժամանակ կարևոր է, որ Հայաստանը վերհաստատել է Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացումը, ինչը մարդասիրական ասպեկտից զատ ունի նաև քաղաքական մեսիջ՝ ռեգիոնում Հայաստանի գործընկերներին, որոնք իհարկե միայն Սիրիայում չեն և ներառում են պետությունների լայն շրջանակ: Մեծ հաշվով, այդ իմաստով թուրքական ներխուժումը լոկ ռազմական ակտ չէ, և լոկ Թուրքիայի և գործընթացում ու ռեգիոնալ իրադրությունում ներգրավված գերտերությունների հարաբերության խնդիր չէ, այլ ընդհանրապես ռեգիոնալ իրադրության նոր շրջափուլ, որտեղ շատ կարևոր է Հայաստանի հարաբերությունը թե այդ գերտերությունների հետ, թե ռեգիոնալ պետությունների ու ժողովուրդների: Եվ այստեղ մարդասիրական շեշտադրվածությամբ քաղաքական վստահելիության գործընկերային մեսիջը անշուշտ կարևոր է, հատկապես նաև Իսրայելում դեսպանատուն բացելու օրեր առաջ Երևանի կայացրած բազմաշերտ որոշման ֆոնին:
Միևնույն ժամանակ, մերձավորարևելյան ռեգիոնի իմաստով Հայաստանը դեռևս երկար ժամանակ չի կարող ակնկալել կայուն իրավիճակ և այսպես ասած դռնփակ քննարկումների անհրաժեշտությունները կկրեն պարբերական բնույթ և այդ իմաստով անշուշտ Հայաստանի անելիքի շուրջ քննարկումները պետք է ներառեն առնվազն միջնաժամկետ տիրույթ, և ընդգրկեն իհարկե լայն դիապազոն, որովհետև Թուրքիայի ներխուժման գործընթացը անկասկած ներառելու է ընդհուպ «ադրբեջանական մետաստազներ», և Հայաստանի ուշադրությունն այդ առումով պետք է Սիրիային զուգահեռ, մեծ կենտրոնացվածություն ունենա դեպի Նախիջևան և դեպի Ադրբեջան:
Նյութի աղբյուրը՝ 1in.am