Հայաստանի կառավարության խնդիրն է, որ հանրապետությունը համընթաց քայլի աշխարհի առաջավոր երկրների հետ. փոխվարչապետ
Իր պատմության ամբողջ ընթացքում հայերը եղել են համաշխարհային առևտրային ազգ և առևտրային ցանցեր են ստեղծել Սինգապուրից մինչև Վենետիկ և Կահիրեից մինչև Ամստերդամ: Այս մասին հոկտեմբերի 10-ին Երևանում ընթացող «Հայաստան-Սփյուռք գործնական հարաբերությունների զարգացում» հայկական առևտրային ցանցի չորրորդ համաժողովի ժամանակ ասաց Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի նոր իշխանություններն այսօրվա դրությամբ ստանձնել են ինկլյուզիվ, ինովացիոն և զարգացած տնտեսություն կառուցելու առաջադրանք:
«Մեր խնդիրն է այնպիսի երկրի կառուցումը, որը կլինի մրցունակ, որպես երկիր կապահովի իր քաղաքացիների բարգավաճումը, որը համընթաց է քայլում աշխարհի առաջավոր երկրների հետ: Վստահ եմ, որ ձեզ էլ տեսանելի են Հայաստանում տեղի ունեցող և ընթացող փոփոխությունները՝ ուղղված բիզնես միջավայրի բարելավմանը ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի ձեռնարկատերերի կողմից ներդրումների իրականացման լավագույն պայմաններ ստեղծելու համար»,- նշեց Ավինյանը:
Ընդ որում՝ նա շեշտեց, որ տնտեսական և ժողովրդագրական վերակառուցումը չի կարող լիարժեք լինել առանց հայկական սփյուռքի ներկայացուցիչների ակտիվ մասնակցության:
Հիշեցնենք, քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդել էր, որ այսօր «Հայաստան-Սփյուռք գործնական հարաբերությունների զարգացում» առևտրային ցանցի չորրորդ համաժողովն է ընթանում Երևանում: