ԵՊՀ հիման վրա գործարկվել է ՏՏ ոլորտի ուսանողների աշխատանքի տեղավորման ծրագիրը
ԵՊՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթահետազոտական կենտրոնում գործարկվել է ուսանողների աշխատանքի տեղավորման TIGER ծրագիրը։
Այս մասին տեղեկացրել է կենտրոնի գիտական ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Սամվել Շուքուրյանը։
Նրա խոսքով՝ ծրագրի մշակման եւ իրականացման գաղափարը պատահաբար չի ծնվել։ Նա նշել է, որ կենտրոնում ուսանում են ասպիրանտներ, որոնք հիմնականում նախընտրում են աշխատանքը համատեղել ուսման հետ։ Արդյունքում՝ առաջ են գալիս իրավիճակներ, երբ ուսումն անցնում է երկրորդ պլան, նրանք չեն հասցնում, երբեմն էլ պարզապես ծուլանում են գալ պարապմունքների։ TIGER ծրագիրը նպատակ ունի լուծել այս խնդիրը։ Այսպես, ծրագրի շրջանակում Հայաստանի առաջատար ՏՏ ընկերություններին անվճար տրամադրվում է տեղ կենտրոնի տարածքում՝ պարտադիր պայմանով. ամեն տարի կենտրոնում սովորող 10 ասպիրանտ աշխատելու է այդ ընկերություններում։ Շուքուրյանն ընդգծել է, որ այս ծրագիրը փոխշահավետ լուծում է, քանի որ ասպիրանտները հնարավորություն են ստանում ունենալ գործնական գիտելիքներ, իսկ ընկերությունները գտնում են երիտասարդ կադրեր՝ ջանքեր չգործադրելով։ Տարվա արդյունքներով երեք հոգի կընդունվի մշտական աշխատանքի, մյուսները կբավարարվեն անվճար պրակտիկայով լավ ընկերությունում։ Ներկայում ծրագիրն արդեն գործի է դրվել, բայց կենտրոնի հնարավորությունները սահմանափակ են, քանի որ ինքն էլ մեծ տարածք չի զբաղեցնում ԵՊՀ-ում։ Շուքուրյանը խոստովանել է, որ ժամանակին նախկին իշխանության ներկայացուցիչներին՝ Կարեն Կարապետյանին եւ Սերժ Սարգսյանին դիմել է խնդրանքով՝ տարածք տրամադրել, բայց ոչ մի արձագանք չի հետեւել։ Սակայն կենտրոնի ղեկավարը չի պատրաստվում հանձնվել եւ նախատեսում է բախտը փորձել նոր իշխանությունների հետ։ «Ծրագիրը գործում է, դրան մասնակցում են 2-3 ընկերություններ, եւ մենք արդեն արդյունքներ ունենք։ Բայց կցանկանայի, որպեսզի դա կրեր ավելի համակարգված եւ զանգվածային բնույթ»,- ասել է նա։